Նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներում ընդգրկված Հրայր Թովմասյանը համաձայն չէ բոլոր նրանց հետ, ովքեր պնդում են, թե ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները պետք է հրապարակվեն, առավել ևս, որ հրապարակայնացումը չի արգելվում ՀՀ Սահմանադրությամբ: Համաձայն չէ, սակայն ինքը դրա համար բացատրություն չունի, այդ պատճառով էլ հղում է կատարում միջազգային ստանդարտներին, սահմանադրական դատարանի որոշմանը և, իհարկե, Վենետիկի հանձնաժողովին, որտեղ ամրագրված է, որ դրանք չեն կարող հրապարակվել:
Բայց քանի որ սրանք համոզիչ հիմնավորումներ չեն, Թովմասյանը երկար մտածելուց հետո վերջապես գտել է մի պատրվակ, որն իր կարծիքով շատ ազդեցիկ է, ու հիմա հաճույքով այդ օրինակով կիսվում է իր զրուցակիցների հետ: Ընտրողների ցուցակների հրապարակման մասին նա ասում է. «Դուք միշտ այդ խնդրին նայում եք մի կողմից, գիտե՞ք, թե ինչի համար է, որ չեն հրապարակվում: Եթե դուք իքս պաշտոնատար անձի ենթական եք, նա ստուգում է, որ դուք չեք էլ գնացել ընտրության, դուք ինքներդ կարող եք հետապնդման ենթարկվել: Ինչո՞ւ այս համատեքստում չեք նայում»:
Ուրեմն մենք պիտի հարցերին նայենք Հրայր Թովմասյանի մատնանշած մի համատեքստում, ինչը բառի բուն իմաստով հանցագործություն է, քանի որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի հետապնդել քաղաքացուն ընտրության չմասնակցելու համար: Իսկ օրենքներ գրող Թովմասյանը փոխանակ զոռ տա գլխին ու հասկանա, որ օրինազանցությունը հետապնդումն է, այլ ոչ թե ցուցակների հրապարակումը, ձեռքի հետ խոստովանել է նաև, որ Հայաստանում պաշտոնատար անձինք հարկադրում են իրենց ենթականերին գնալ ընտրության ու քվեարկել այնպես, ինչպես պահանջվում է: Եվ ոչ միայն հարկադրում են, այլև վերահսկում են: Ու այս մասին իմացել է Թովմասյանը Հրայրը: Իմացել է, բայց չի ասել: Ահա և քեզ դարձյալ մի հոդված:
Այս նյութը դիտել են - 319 անգամ