Ուշ երեկոյան կայացավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Իսկ մինչ այդ կուսակցության շենքի մուտքի մոտ տեղի ունեցավ մի փոքրիկ միջադեպ, ինչին էլ ուզում ենք անդրադառնալ:
Երբ մեքենայից դուրս եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դրսում հավաքված մեծ թվով կանայք անմիջապես շրջապատեցին նրան: Կանանց աչքերը Շարմազանովի համար չէին սառչում, չէին եկել նրան դիտելու: Մարդիկ խնդիրներ ու հոգսեր ունեին, եկել էին երկրի իշխանության ներկայացուցչից միջամտություն ու օգնություն ակնկալելու: Իսկ Շարմազանովը նրանց լսելուց հետո ասաց, որ ինքը ոչ բիզնեսմեն է, ոչ էլ բարեգործ:
Իրոք որ, Էդուարդ Շարմազանովից ի՞նչ բարեգործ: Բարեգործն այն մարդն է, ով միջոցներ ունենալուց առաջ սրտացավություն, մտահոգություն ու անհանգստություն ունի ուրիշի վշտի, ցավերի, տագնապների հանդեպ: Այնպես որ նրան բարեգործ պատկերացնող էլ չկար:
Բայց դա էլ մեծ խնդիր չէ: Ամենամեծն ուրիշ բան է: Երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը փաստացի զրկված է պետական մտածողությամբ պաշտոնյա լինելու ունակություններից: Նրա պատկերացումներով մարդուն կարող է օգնել միայն բիզնեսմենն ու բարեգործը: Իսկ պետությունը դրա համար չէ: Պետությունն այլ գործառույթներ ունի: Պետությունը պիտի միայն հոգա, որ Շարմազանովները լավ ապրեն ու վերևից նայեն գիշերով փողոցներում հավաքված, օգնության ձեռք մեկնող կանանց:
Այս նյութը դիտել են - 1269 անգամ