Թերթում եմ <<Պատերազմական օրագիրը>>, կանգ առնում հրետակոծության տակ գրված ամենօրյա գրառումներիս վրա
2022-01-23 21:12:00
Թերթում եմ «Պատերազմական օրագիրը», կանգ առնում հրետակոծության տակ գրված ամենօրյա գրառումներիս վրա, և ցանկանում հարց տալ ինքս ինձ, թե որտեղից էր այնքան անչափելի մեծ ոգին, որ մահվան աչքերին նայելով` ոգեղեն հավատով եմ ավարտել ամեն օրվա գրառումս։ Միմյանց հակադրված էին իմ սարսափելի ապրումներն ու այն հզոր ոգին, որ այդ գրառումներով փոխանցվում էին ընթերցողներիս, ովքեր միշտ հեռվից հեռու իմ կողքին էին, նրանք էլ` ինձ հուսադրող, հաղթանակի հավատով...
Երբևէ կյանքում այնքան բուռն կամք, ոգեղեն ապրումներ չեմ ունեցել, ինչ այդ դառն օրերին, և կարծում եմ ամեն օրվա, ժամի, րոպեի, վայրկյանի սարսափն է ինձ ուժ փոխանցել, ազնիվ մարդկանց աղոթքները, մեր տղաների կորստյան ահռելի ցավը, թշնամու հանդեպ վրեժխնդրությունն է փոխանցել այն ոգեղեն կամքը, որ իր մեջ հաղթելու հավատ է ունեցել...
Համայն հայության անխորտակելի հավատն էր այն, որ պատերազմական օրերին կրում էինք յուրաքանչյուրս մեր մեջ, այն մեծագույն հաղթելու հավատը, որ ներարկեցին մեզ և նույն հաջողությամբ կոտրեցին մեր մեջ...
Ցնցեցին, բզկտեցին մեր հոգին` կարծես փորձելով մեր դիմացկունությունը, բայց ոգին սպանել չկա, երբ ունակ ենք մենք կոտրված թևերով անգամ նոր ոգի առնել, վերածնունդ ապրել...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1468 անգամ