Նամակի տեքստը Past.am -ին է հանձնել սպայի հայրը՝ Գագիկ Ղարդյանը: Վերջինից տեղեկացանք, որ որդու հարցով իրենք նամակով դիմել են Օհանյանին, խնդրելով հանդիպել՝ խոսելու Բաբկենի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ եւ նախարարից պատասխան են ստացել, որ վերջինս չի ցանկանում հանդիպել եւ խոսել այդ թեմայի շուրջ: Հաջորդիվ նախարարին է դիմել անձամբ կալանավորը, այն էլ՝ բաց նամակով, եւ խնդրել անտարբեր չլինել բանակի սպայի ճակատագրի նկատմամբ, քանի որ ինքը պայքարել է բանակում տիրող հովանավորչության դեմ, օգնել է սոցիալապես անապահով ընտաիքների զինծառայողականներին:
«Միթե Ձեզ չի հետաքրքրում, թե ինչո՞ւ են անապահով ընտանիքների զավակները մարտական հերթապահություն իրականացնում, իսկ պաշտոնավորների եւ հարուստների զավակները միայն թիկունքային զորամասերում են ծառայում, կամ պատահաբար ընկնելով սահմանամերձ զորամաս՝ Ձեր տեղակալների հրամանով շատ շուտ տեղափոխվում են թիկունք կամ թիկունքային «էլիտար» ստորաբաժանումներ: Միթե Ձեզ չի հետաքրքրում, թե ինչո՞ւ դատախազի բարեկամը կարող է մի շարք հանցագործություններ գործել եւ ոչ միայն չդատապարտվել, այլ ապօրինի 2 ամիս բնակվել Ստեփանակերտի ՌՈ բաժնում: Մինչդեռ չքավոր ընտանիքի զավակները թեթեւ վիճաբանության համար կարող են արժանանալ շատ խիստ պատժի: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ Մատաղիսի ՌՈ հենակետի շինարարության համար տրամադրված 21մլն դրամից ծախսվում է ընդամենը 7.8 մլն, իսկ մնացածը գրպանվում է, չի վերանորոգվում անգամ շենքի տանիքը:
Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ Մարտակերտի ՌՈ բաժնի պետ գնդապետ Արթուր Բալայանը ամիսներ շարունակ 15-20.000 դրամ է հավաքում սպաներից, ինչ է թե պաշտոնը ստանալու համար խոստացել էր շենքը վերանորոգել: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ բանակի համար նախատեսված ալյուրը, որը վաճառքի ենթակա չէ, մի քանի ամիս շարունակ հայտնվում է Ստեփանակերտի քաղաքի մասնավոր հացի փռերում: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ իմ կինը, որը նույնպես զինծառայող էր եւ ծառայում էր Մատաղիսի զորամասում, ինձ ապօրինի ձերբակալելուց հետո զրկվում է մեր միակ բնակարանից, որը տրամադրել էր զորամասը ժամանակավոր կացության համար: Հայտնվելով փողոցում՝ դիմում է գրում զորամասը տեղափոխելու համար, սակայն դիմումը մնում է անպատասխան: Կինս ստիպված լքում է հայրենիքը: Միթե երիտասարդ զինվորական ընտանիքը, որն իր կյանքը նվիրաբերել էր հայրենիքին, արժանի էր նման ճակատագրի»,- Սեյրան Օհանյանի ուշադրությունը վերը նշված խնդիրներին է հրավիրել Բաբկեն Ղարդյանը:
Կապիտանը նամակում շարունակում է պնդել, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Նա նշել է, որ հպարտ է Հայոց Բանակի սպա լինելու համար, որ Հայոց Բանակն իր համար սրբություն է: Մատաղիսի զորամասի ներկա եւ նախկին հրամանատարներ Ջալալ Հարությունյանն ու Հարություն Ամիրխանյանը, ըստ կապիտանի, կարող են վկայել իր անբասիր ծառայության մասին:
«Որպես ՀՀ բանակի սպա՝ ես պաշտպանված չեմ նման շինծու քրեական գործից եւ քրեական հետապնդումից: Ես Ձեզ միշտ պարկեշտ մարդ եմ համարել, որպես բանակաշինության գործում մեծ ավանդ ունեցող, կիրթ, բարեխիղճ եւ հայրենասեր անձնավորություն: Ցավոք այսօր ես հիասթափված եւ վիրավորված եմ ձեր մոտեցումից: Իմ խնդրանքը միայն այն է, որ Ձեր պաշտպանության ներքո իմ նկատմամբ օբյեկտիվ դատավարություն իրականացնեն»,- նամակն այս խոսքերով է ավարտել Բաբկեն Ղարդյանը: Մեր կողմից ավելացնենք, որ անկախ նրանից, թե ինչպիսի արձագանք է գտնելու սպայի այս նամակը Սեյրան Օհանյանի կողմից, փաստերը, որոնք բարձրացրել է սպան, ոչ միայն ուշադրության արժանի են, այլեւ՝ նվազագույնը ծառայողական քննություններ նշանակելու հիմք ու առիթ:
Նշենք նաեւ, որ բաց նամակը փոխանցվել է նաեւ խորհրդարանական ուժերին:
Գագիկ Աղբալյան
Այս նյութը դիտել են - 1351 անգամ