Պատերազմն ավարտվելուց հետո մենք առաջիններից էինք, որ մայր հողի կանչով վերադարձանք...
2022-02-07 23:18:00
Գրականության դասաժամի հերթական ստեղծագործական շարադրությունը 7-րդ բ դասարանի աշակերտուհի Յանա Հյուսնունցին տարել էր նուրբ զգացումների արտահայտության, երբ «Իմ հո՛ղ, իմ հայրենի՛» վերնագիրն ինքնին սեր է, ցավեցնող ապրում, սրտի զարկ, խաղաղ օրերի երազանք...
«Հողը սրբություն է ինձ համար, ու երբ կանգնած եմ մայր հողի վրա, հպարտ եմ և ուժեղ։ Այդ զգացողությունն ապրեցի պատերազմի ժամանակ, երբ հեռացել էի հայրենի քաղաքից, ու կարոտում, բայց չէի կարողանում վերադառնալ։ Ամեն օր սպասում էի, թե երբ կգանք ու հասկացա, որ դժբախտ է այն մարդը, ով իր հայրենիքում չէ։ Պատերազմն ավարտվելուց հետո մենք առաջիններից էինք, որ մայր հողի կանչով վերադարձանք...
Ի՞նչ եմ զգում այստեղ։ Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր հայրենի հողի կարոտից խեղդվում են, բայց չեն կարողանում վերադառնալ։ Ու այսօր ականատեսն եմ նաև, երբ մարդիկ ստիպված լքում են իրենց արդար քրտինքով ստեղծած տունն ու սուրբ հողը։
Գիտեմ, որ հայրենասիրությունը սեր է մայր հողի հանդեպ, և ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր այդպես էլ չհասկացան, թե ինչ է հայրենիքը։ Իսկապես, ցավում եմ նրանց համար, ովքեր չգիտեն` ինչ է նշանակում հող կորցնել և այդ հողի հետ` պատմական արժեքներ։ Ցավում եմ նրանց համար, ովքեր նյութականը գերադասում են հոգևորից։ Ճիշտ է, դեռ փոքր եմ, բայց գիտեմ, որ հայրենիքը չպետք է լքել, ասում են` հայրենիքը մոր պես բարի ու փխրուն սիրտ ունի, եթե ցավեցնես, կթուլանան նրա սահմանները, կթուլանա նրա ոգին, ինչպես որ մորը նեղացնելիս` վշտով է լցվում նրա սիրտը։ Հայրենիքը պետք է սիրել առանց որևէ շահի, որովհետև նրա գրկում ես ապրում, ու նա է իր զավակին դաստիարակում... Այդ նրա սիրուց են կյանքեր զոհաբերվում, որ ապրենք մենք ու ապրեցնենք հայրենին»։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1567 անգամ