Զգուշությամբ եմ ոտքերս շարժում, որ քայլելուց հանկարծ չցավացնեմ, չէ՞ որ մեր հողը ծանր ու մահացու վիրավոր է
2022-02-09 21:09:00
Մեր երկարածամիկ գեղեցկուհին է՝ Տաթևիկ Հարությունյանը, 7-րդ ա դասարանից։ Նա մայր հողի քաղցրությունը դեռ ապրիլյան օրերից է զգացել, երբ յոթ տարեկան էր։ 
 «Ես դեռ յոթ տարեկան էի, որ հասկացա, թե ինչ քաղցրություն ունի մայր հողը, երբ թշնամին փորձեց իր հերթական վայրագությունները, երբ երկինքը մթագնեց... Այն ժամանակ դեռ շատ բան չէի գիտակցում, բայց անցավ չորս տարի, թշնամին ավելի փնթի ձեռագրով կատարեց իր սև գործը։ 2020թ. սեպտեմբերի 27. արդեն տասնմեկ տարեկան էի։ Երկինքը միանգամից սևացավ, պայթյուններից հողը դղրդում էր, մարդիկ սարսափահար լքում էին իրենց տները՝ լացելով, ոտաբոբիկ.... Մեքենաները շարժվում էին «բայրաքտարներից» ավելի արագ և տարբեր ուղղություններով, իրար ձայն տալով փախչում էին, բայց ոչ ոք չէր լսում հողի ձայնը։ Կամ գուցե լսում էին, բայց անկարող էին ինչ-որ բան անել։ 
Եվ միայն հեռանալով՝ երբ հեռու մի անկյունում փորձում ես վերհիշել սարսափելի օրերը, ականջներումդ անընդհատ լսվում են ծանր հևոցներ, որոնք շատ հարազատ են դառնում քո հոգուն և ուզում ես անվերջ լացել։ Միգուցե հենց դա էլ մայր հողի կա՞նչն էր։
Մեկ տարուց ավել է, ինչ գտնվում ենք մայր հողում` հայրենի Արցախում, բայց ընկճված ու մի քիչ էլ վախեցած։ Զգուշությամբ եմ ոտքերս շարժում, որ քայլելուց հանկարծ չցավացնեմ, չէ՞ որ մեր հողը ծանր ու մահացու վիրավոր է։ Նա չի կարող մեկուկես տարվա ընթացքում ապաքինվել, այստեղ մեծ սպիներ կան, խոր վերքեր... Մխրճված հողի մեջ արկերն ու բեկորները, արյունոտ դաշտերը, սարերն ու արտերը վկաներն են այն մեծ վերքերի, որ այժմ ունի իմ հայրենիքը։
Հիմա եմ հասկանում, թե հեռու մեր տուն ու տեղից՝ ինչու՞ էր հացն այնքան անալի, ջուրն անհամ, իսկ արևը կարծես չէր ջերմացնում ու չէր էլ փայլում...»։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1448 անգամ