Նման  պայմաններում լուրջ ընդունել,  թե ՀՀ ԱԱԾ-ն լրտեսական ցանց է բացահայտել, նշանակում է հանրությանը խառնել  թատերական նոր ներկայացման հետ.Հրապարակ»
2022-02-10 12:56:00
Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ հինգ տնօրեն է փոխել։ Նա իշխանության եկավ, երբ ԱԱԾ տնօրենը Գեորգի Կուտոյանն էր։ Փոխարինվեց Արթուր Վանեցյանով։ Երևի հիշում եք, թե նախկիններին «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» ինչ օպերացիաներ էին գնում։
Հետո Վանեցյանն ինքնակամ ազատվեց պաշտոնից, Փաշինյանին ասելով՝ կանգ առ։ Այդպես էլ չիմացանք, թե «կանգ առ» ասելով պետական ինչ վտանգ էր զգում ԱԱԾ տնօրենը։ ԱԱԾ-ն այնքան անլուրջ կառույցի էր վերածվել, որ Վանեցյանին հակադարձում էր վարչապետի դուստր Մարիամը։ Հաջորդ ԱԱԾ տնօրենի Էդուարդ Մարտիրոսյանին Փաշինյանը կառավարության նիստում կարգադրեց զբաղվել սատանաների որսով ու ՀԴՄ կտրոններով։ Սատանա բռնելու որսը ու ՀԴՄ կտրոնների ստուգումը մոռացնել տվեց, թե առհասարակ այդ կառույցը ինչ գործառույթ ունի։  Ու քանի որ սատանա չբռնվեց, Մարտիրոսյանն էլ ազատվեց աշխատանքից։ Այդ պաշտոնում հայտնվեց Արգիշտի Քյարամյանը, ում անթաքույց Նիկոլ Փաշինյանը «առաջ էր բրդում»։ 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը։
Մարտական գործողությունները սկսվել են  2020թ  սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10։ Այսինքն, 44-օրյա պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն է եղել Արգիշտի Քյարամյանը։
Ի դեպ հիշեցնեմ, որ նրա ղեկավարման օրոք ԱԱԾ-ից շատ պրոֆեսիոնալներ հեռացան՝ դրա պատասխանն էլ չտրվեց, թե ինչու։ Պատերազմի օրերին Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ինչու՝ դա էլ չիմացանք։ Ու թե պաշտոնից հետո ինչու էր Արցախում և շատ դեպքեր կապվում նրա անվան հետ՝ դա էլ չիմացանք։  Նրանից հետո մի քանի օր պաշտոնավարեց Միքայել Համբարձումյանը, ապա՝ Արմեն Աբազյանը:
Նման  պայմաններում լուրջ ընդունել,  թե ՀՀ ԱԱԾ-ն լրտեսական ցանց է բացահայտել, նշանակում է հանրությանը խառնել  թատերական նոր ներկայացման հետ։ Դա  արդյունք չի տա, որովհետև հիմքերը խախուտ են։ Ձերբակալել ՊՆ միջին և ստորին օղակների օղակների 19 աշխատակիցների և փորձել նրանց «գլխին կոտրել» պատերազմի պարտությունը, այն էլ իբր ֆեյքերի, կեղծ անհատական էջեր բացելու միջոցով, մեղմ ասած նոր թատերաշրջանի բացում է։ Պատերազմը բացահայտելու համար խոշոր ձկների ներգրավում է պետք, հասկանալ է պետք, թե ինչու է պատերազմի ժամանակ ազգային անվտանգության տնօրեն փոխվում։ Հասկանալ է պետք, թե ինչու պատերազմի ժամանակ ԱԱԾ դռներն այնքան բաց եղել, որ մանր ձկները լողան։ Եվ վերջապես հասկանալ է պետք, թե այս երկիրը տե՞ր ունի, թե անտեր, տաշեղի նման ծովի մակերևույթին «խաղեր է տալիս» , որ մեծ ձկները, երբ ուզեն, մանրերին ուտեն։
Հասմիկ Սարգիս Բաբաջանյան
Այս նյութը դիտել են - 2195 անգամ