«Չգիտակցված երջանիկ էինք, հետո գիտակցված 44 օր դժբախտացանք ոտքից գլուխ»
2022-02-13 23:05:00
«Չգիտակցված երջանիկ էինք, հետո գիտակցված 44 օր դժբախտացանք ոտքից գլուխ»,-տխրամած կարդացի ու կանգ առա...Քարին տակ գյուղից մեզ մոտ տեղահանված աշակերտուհու խոսք է սա, 12-րդ ա դասարանում սովորող Դիանա Ամիրջանյանի շարադրության առաջին տողը... «Մենք երկար ենք զգալու այս ցավը, որ հիմա մեր ներսում կա, և այն դեռ երկար ժամանակ չի դադարելու ցավեցնել ու չի էլ մոռացվելու...Ցավոք, դարերի ընթացքում չենք սովորել դասեր քաղել պատմությունից, բայց հիմա ժամանակն է սովորելու։ Մենք այն տղաների հետ դադարեցինք ապրել, ովքեր հանուն հայրենիքի ընկան, բայց, միևնույն ժամանակ, հենց նրանց համար պիտի ինքներս մեզ ստիպենք ապրել։ Քանի դեռ ողջ ենք, պիտի ապրենք ու դասեր քաղենք սեփական սխալներից և պատասխանատվություն վերցնենք մեզ վրա՝ ամեն ինչ անելու, որ մեր երեխաները չզգան այն ամենը, ինչ մենք զգացինք։ 
Իսկ մենք շատ բան զգացինք...Սեփական մաշկի վրա զգացինք պատերազմի սարսափելիությունը, տեսանք այն ամենը, ինչը միայն գրքերում ու կինոներում էինք տեսել, իսկ այդ ամենը այնտեղ այնքա՜ն գեղեցիկ էր պատկերված, որ սարսափելիությունը չէր երևում։ Կամ էլ գուցե երևում էր, բայց մենք ուրիշ աչքերով էինք նայում, չէինք զգում։ Հիմա գիտենք...Գիտենք ու թույլ չպիտի տանք, որ մեր երեխաներն էլ իմանան...
Տարիներ անց այս պատերազմի մասին կգրեն «Հայոց պատմության» գրքերում...Չգիտեմ՝ ինչ վերնագրով, բայց կգրեն, որ պատերազմը տևել է 44 օր։ Ու գալիք սերունդը կսովորի, բայց չի հասկանա այն ամենը, ինչ մենք հասկացանք՝ զգալով ու տեսնելով, ոմանք էլ չեն սովորի, մտածելով՝ սովորական դաս է, որը հետո ուսուցիչը կփոխի...Ու նրանցից ոչ ոք չի հասկանա պատերազմի իմաստը և չի սովորի, իսկ մենք սովորեցինք, թե ինչ է պատերազմը՝ առանց պատմությունը կարդալու... Զգացինք այն, ինչը չի զգա գալիք սերունդը ու չի հասկանա, որ մենք կորցրել ենք Ալբերտ, Մխո, Հարութ, Վարդան, Հայկ, Արմեն... Չեն հասկանա, որ ամեն զոհված հերոսի անունը կարդալիս հոգով մահացել ենք։ Մենք կորցրինք մեզ թանկ մարդկանց, ունեցա վիրավոր եղբայր, ընկեր, հորեղբայր, ծանոթներ թե անծանոթներ, ու ցավ ապրեցինք բոլորի համար: Ու թող գալիք սերունդը երբեք չհասկանա պատերազմի իմաստը։ Երբե՜ք...»։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1725 անգամ