«Հրապարակ».Արժեզրկված «Երկրապահ». Ու սկսվեց «տուշոնկա» շոուն
2022-02-24 01:05:00

  «Հրապարակ». 1993-ին Վազգեն Սարգսյանի ստեղծած Երկրապահ կամավորականների միությունը երկար տարիներ լուրջ գործոն է հանդիսացել հայաստանյան քաղաքական-հասարակական կյանքում: Այն մշտապես համագործակցել է երկրի իշխանության հետ, նախ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հետո՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, իսկ հիմա՝ Փաշինյանի հետ: Հաճախ այս կառույցը դուրս է եկել ՀԿ-ի լիազորություններից եւ իրեն իրավունք է տվել ավելին, քան կարող էր որեւէ ՀԿ:
ԵԿՄ-ի նկատմամբ հասարակության վերաբերմունքը եղել է տարբեր. երկրապահներն իրենց հաճախ պահել են ամենաթողության տիրույթներում, իրենց համարել են օրենքից դուրս, գործել ոչ իրավական տիրույթում: Դա հասարակությանը հաճախ դուր չէր գալիս:
Այնուամենայնիվ, «Երկրապահի» հանդեպ հարգանք ու ակնածանք կար: Հասարակությունը երբեմն երկրապահներին երես էր տալիս, աչք փակում ապօրինությունների նկատմամբ, վերաբերվում էր որպես ընտանիքի երես առած տղաների: Պատճառն այն էր, որ մարդիկ գիտակցում էին՝ պատերազմի դեպքում այդ երես առած տղաներն են նորից կանգնելու երկրի պաշտպանության համար: ԵԿՄ-ին ի սկզբանե կարող էին անդամագրվել բացառապես արցախյան պատերազմի մասնակիցները, սակայն հետագայում հասարակական կառույցի դռներն անարգել բացվեցին, եւ այնտեղ սողոսկեցին մարդիկ, ովքեր որեւէ կապ չունեին պատերազմի հետ: Արդյունքում հայրենասեր ու երկիրը պահած իսկական զինվորականների հետ նույն կառույցում հայտնվեցին նաեւ պատերազմի տարիներին գլուխ պահած ու խաղաղ պայմաններում գլուխ գովացող մարդիկ: 
2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն չի սիրում այն, ինչը կապված է Արցախի ու արցախյան առաջին պատերազմի հետ: Իշխանության գալով՝ ի սկզբանե նա ցանկանում էր արժեզրկել այն ամենը, ինչը կապված է դրանց հետ: Նրա առաջին քայլը եղավ արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներին հասարակության առջեւ բարոյապես ոչնչացնելը…
Ու սկսվեց «տուշոնկա շոուն»..․ 
Գաղտնիք չէ, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը պատերազմից հետո իրեն սկսեց պահել օրենքից դուրս. նրա ղեկավարած ԵԿՄ-ն պետություն էր պետության մեջ, Մանվելին շատերը չէին սիրում անգամ ԵԿՄ-ի մեջ, նրանից հիմնականում վախենում էին: Բայց Մանվել Գրիգորյանն այն մարդն էր, որի համար ժամանակին գլխագին էր խոստացել թշնամին, մարդ, ով լավ գիտեր ազատագրած հայրենիքի յուրաքանչյուր կտորի արժեքը, ով կարող էր նորից ոտքի հանել ԵԿՄ-ն ու նորից պաշտպանել Արցախն ու Հայաստանի ինքնիշխան տարածքը: Նրա ձերբակալությունից հետո, սակայն, վարչության արտահերթ նիստը դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները։ 2019 թվականի ապրիլին ԵԿՄ արտահերթ համագումարում երկրապահները միաձայն վարչության ղեկավար ընտրեցին ՔՊ-ական Սասուն Միքայելյանին, քանի որ նա իշխանության թեկնածուն էր: Զարմանալի էր, որ կռված տղաները հեշտությամբ ներեցին Սասունի այն հայտարարությունը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր է, քան արցախյան ազատամարտը: Այդ օրվանից սկսվեց ԵԿՄ-ի աստիճանական արժեզրկումն ու վարկաբեկումը, ինչն իր տրամաբանական ավարտին հասավ 2020-ի 44-օրյա պատերազմի պարտությունից հետո: Այդ խայտառակ պարտությունից ու նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարության ստորագրումից հետո հասարակության ստվար մասը սպասում էր, որ Սասունն ու նրա ղեկավարած ԵԿՄ-ն վերջապես խելքի կգան ու կհասկանան, թե Հայաստանում ովքեր են եկել իշխանության:
Իշխանության եւ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց թրքահաճո ելույթներից հետո սպասվում է, որ «Երկրապահը» ոտքի կկանգնի ու իշխանությունից դուրս կշպրտի պարտված ու իրենց ազատագրած երկիրը մաս-մաս թշնամուն նվիրաբերող իշխանությանը: Այո, երկրապահներից եղան մարդիկ, ովքեր ընդվզեցին, հայհոյեցին, հոխորտացին իշխանության դեմ, բայց դա գործնական միս ու արյուն չստացավ, քանի որ ոչ բոլորն էին պատրաստ դուրս գալու փաշինյանական իշխանության դեմ: Երկրապահներից շատերը փորձեցին մի յուղալի պատառ պոկել իշխանությունից՝ պաշտոնի տեսքով, մանդատի, ՏԻՄ ընտրություններում Փաշինյանի «դաբրոն» ստանալու տեսքով, փորձեցին մի օգուտ քաղել՝ լռության դիմաց: Ու այդ «առեւտուրն» ստացվեց: Երբեմնի հաղթանակած երկրապահները հանդուրժեցին թուրքի առջեւ նվաստացող ու ամեն օր պարտվող իշխանությանը: Երկրապահը լռեց նաեւ երեկ, երբ իշխանական պատգամավորները մերժեցին ընդդիմադիրների ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության նախագիծը: Այսինքն՝ երբ հաստատեցին Շուշիի, Արցախի հանձնումը եւ Հայաստանի ինքնիշխանության թուլացումը: Երկրապահները լուռ էին երեկ, լուռ են այսօր: 
Այսօր արդեն փաստ է, որ հասարակության շրջանում ԵԿՄ-ն չունի երբեմնի փառքը, հարգանքը: Որքան էլ իշխանությունը փորձում է «ծնել» նոր ԵԿՄ՝ տարբեր իշխանավորների ֆինանսական օժանդակությամբ կնքել նրանց, համալրել հին ու նոր դեմքերով, դա կլինի արհեստածին, ոչինչ չասող հերթական իշխանական ֆեյք կառույց, որը մի օր փուչիկի նման կպայթի, որովհետեւ, ի տարբերություն Վազգեն Սարգսյանի ԵԿՄ-ի, սրա հիմնադիրները ազգային արժեքների ու գաղափարախոսության կրողներ չեն: Մի կառույց, որի աշխատանքները համակարգելու է մի նավակ ճոճող, ֆինանսավորելու է թրքամետ հայացքներ ունեցող եւ իր բիզնես շահերը հայրենիքից գերադասող մի գործարար, որի նախագիծը կազմում են մի Արման Բաբաջանյան ու մի Գագիկ Մելքոնյան, չի կարող վարկանիշ ունենալ: Փաշինյանը կարողացավ հասնել նրան, որ արժեզրկեց եւ իմաստազրկեց արցախյան շարժումը, հայրենիքի համար տված հազարավոր զոհերը, մեր պատմությունը, կենսագրությունն ու Հայաստանը դարձրեց աշխարհաքաղաքական մի մեծ խաչմերուկ՝ անդուռ, անլուսամուտ մի «քարվանսարա»…
Այս նյութը դիտել են - 1983 անգամ