Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պողոսին Ներսիսյանին բռնել ու բաց են թողել
2022-02-28 09:12:00

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- մայոր Վահե Ղազարյանը  վերջերս ոստիկանությունում  տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հերթական անգամ խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի ոստիկանության մարզային վարչություններում, տարածքային բաժիններում ակտիվ պայքար տանեն թմրամոլության, այդ թվում՝ թմրանյութեր պահելու, օգտագործելու, տարածելու դեմ:

Աշխատանքների  հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետը նաև հանձնարարել է, որ  լինեն խիստ և չհանդուրժեն այն թմրամոլների նկատմամբ, ովքեր կփորձեն օգտագործել իրենց շրջապատի մարդկանց, այդ թվում՝ պետական ապարատի ներկայացուցիչներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում  Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով  Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել  2 քաղաքացու: Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը: 

 Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ն Պողոսյանը, ով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի  2-րդ զանգվածում գտնվող այգուց: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը  բաց են թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս նյութը դիտել են - 1471 անգամ