Ո՞ւր կորավ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ը, ինչո՞ւ է արցախցիների «աչքը ջուր կտրում» արսենյանների ճամփին
2022-03-01 12:59:00
Իշխանությոնները թրքասիրության ու թրքահաճության նոր հակառեկորդներ են սահմանում: Մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը մարտի 1-ին չի ընդգկվել լիագումար նիստերի օրակարգ: Բացի սա՝ խորհրդարանական ընդդիմությունը ի վիճակի չի եղել ապրիլի 10-ը որպես Արցախի Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդերի զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը ընդգրկել ԱԺ նիստի օրակարգ:
Նկատենք, որ Մարաղայի ջարդերը տեղի էին ունեցել անկախ Ադրբեջանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ՝ ի տարբերություն Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբաթի ջարդերի, որոնք կատարվել են խորհրդային Ադրբեջանում՝ թերևս ընդգծելով հետխորհրդային ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության անմարդկային բնույթը, որի կիզակետը դարձավ արցախյան վերջին պատերազմը:
Չափազանց վիճահարույց են ստացվել հատկապես այն պատճառաբանությունները, որոնք հնչել են իշխանական ուժի ներկայացուցիչների կողմից՝ արդարացնելու թե՛ Մարաղայի դեպքերի նկատմամբ ՔՊ-ականների կեցվածքը, թե՛« Շուշիի հռճակագրի» հանդեպ որդեգրած լոյալ վերաբերմունքը:
Օրինակ՝Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ ամբիոնից փորձելով լվանալ սեփական խմբակցության երեսը, հայտարարել է. «Մենք չպետք է էմոցիոնալ դաշտի պատրվակներով փորձեր կատարենք քաղաքական դիրքորոշում արտահայտել այս կամ այն իրավիճակի վերաբերյալ…»: Ընդհանուր առմամբ Վարդանյանի պարզաբանումից պարզ է դարձել, որ քանի որ իշխանությունները չեն ցանկանում օրացույցը լցնել «սև օրերով», այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն համարում Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակման համար սահմանել առանձին օր՝ ապրիլի 10-ը:
Ինչ վերաբերում է «Շուշիի հռչակագրի» նկատմամբ ՔՊ-ականների որդեգրած կեցվածքին, ապա այդ առումով հատկանշական պետք է համարել հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հնչեցրած պատճառաբանությունները: Արսենյանը, մասնավորապես, հայտարարել էր, թե ՀՀ ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը իրենց չի պարտադրում նմանատիպ հայտարարությամբ հանդես գալ՝ հավելելով. «Մենք գտնում ենք, որ խաղաղության օրակարգը շատ կարևոր ու անհրաժեշտ օրակարգ է ՀՀ-ի համար, և այդ օրակարգը բխում է այն ընթացիկ վիճակից և այն նպատակներից, որ ունի մեր երկրի լեգիտիմ իշխանությունը»:
Իշխանությունները սեփական հակահայկական ու թրքամետ կեցվածքը.փաստորեն, պարբերաբար ու անդադար արդարացնում ու պատճառաբանում են ինչ-որ հորինածին «խաղաղության օրակարգի» սպասրակմամբ: Թե ինչ օրակարգ է դա՝ ոչ ոք այդպես էլ գլուխ չի հանում, քանի որ ամենավերջին ապուշի համար էլ հասկանալի է, որ խաղաղության օրակարգը ոչ թե սպասարկում են, այլ՝ պարտադրում: Իսկ եթե ուժերը չի բավարարում որևէ մեկին որևիցե բան պարտադրել ,ապա գոնե ձեռնպահ են մնում թշնամու ջրաղացին ջուր լցնելուց, սեփական գլուխը թրքական հելիոտինի ճարակ դարձնելուց:
Փոթորկվող աշխարհում, երբ համաշխարհային ուժային կենտրոնների միջև կենաց-մահու պայքար է գնում, իսկ ուժը դառում է իրավունքի միակ աղբյուրը, նույն այդ աշխարհում, իշխանությոնները ծնկաչոք,պարտված վիճակից չեն ցանկանում դուրս բերել երկիրը:
Ակնհայտ հակահայ կեցվածքով իրականում լուծվում է ոչ թե երկիրը հնարավոր պատերազմից փրկելու, այլ ներկայիս իշխանությունների ու Բաքվի, Թուրքիայի միջև կայացած «բանավոր պայմանավորվածությունները» չխախտելու հարցը: Իսկ թե ինչ է ասել «բանավոր պայմանավորվածություն», պարզ դարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հայկական բանակն այդպես էլ ոչ մի հակագրոհ չիրականացրեց, իսկ շրջանների մեծ մասը թշնամուն զիջվեց գրչի մեկ հարվածով՝ 25000 կյանք փրկելու կեղծ պատրվակով:
Մինչդեռ, եթե իրականում Հայաստանում կա ապագա, ինչպես պնդում էր ՔՊ-ն ընտրություններում, ապա իշխանությունները պետք է անեին ամեն ինչ՝ պատերազմի հետևանքները չեզոքացնելու ու ոտքի կանգնելու համար: Բայց ապագան, որի մասին խոսվում էր նախընտրական պաստառներում, դրանց քաղաքական շահառուները տեսնում են միայն թուրք-ադրբեջանական տանդեմի ծոցում:
«Շուշիի հռչակագրին» պատշաճորեն չարձագանքելն ու ասենք Վլադիմիր Վարդանյանի «կրուտիտները» գլոբալ իմաստով լուծում են մեկ հարց՝ հայ-թուրք-ադրբեջանական «հաշտեցման» օրակարգի սպասարկում՝ թուրքերի կանոններով ու նախապայմաններով: Մնացած պատճառաբանությունները լոլոների շարքից են՝ քողարկելու իրական աշխարհաքաղաքական այն նպատակները, որոնք հետապնդում են այս իշխանություններն ու նրանց տերերը մեր տարածաշրջանում:
ՔՊ-ն Հայաստանը տանում է ինքնասպանության՝ բոլոր առումներով: Միաժամանակ պարզից էլ պարզ է, որ «խաղաղության օրակարգը», որն իրականում թրքական օրակարգն է, որևիցե կերպ չի երաշխավորում Հայաստանի խաղաղությունն անգամ թրքական վասալի կարգավիճակում: Պատահական չէ, որ արդեն իսկ արձանագրվում են ադրբեջանական ԱԹՍ-ների գործողություններ՝ Սյունիքի մարզում, իսկ Արցախի մասին է՛լ չենք խոսում:
Ակնհայտ է, որ ասենք Մարաղայի կոտորածների զոհերի հանդեպ նման թրքաբարո կեցվածքը ոչ թե մեղմում է իրավիճակն, այլ այն է՛լ ավելի պայթյունավտանգ է դարձնում՝ խրախուսելով նոր մարաղաների ծնունդը: Իրականում իշխանությունների օրակարգը հենց պատերազմն է՝ խաղաղության քողի ներքո: Ո՞ւր կորավ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ը, ինչո՞ւ է արցախցիների «աչքը ջուր կտրում» արսենյանների ճամփին, թե՞ «Արցախը Հայաստան, և վե՛րջ»-ը պետք էր նախապատերազմյան փուլում՝ սանձազերծելու արյունոտ բախում, բանակի ողնաշարը ջարդելու ու երկիրը փալաս դարձնելու…
Այս նյութը դիտել են - 1406 անգամ