Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դիվանագետ է ոչ միայն ի պաշտոնե, այլև՝ կյանքում ու կենցաղում...
2022-03-02 22:53:00
Օրերս, Լոս Անջելեսի Իրանահայ միության սրահում կազմակերպվել էր մեծարման երեկո՝ նվիրված Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանին, որին իրենց մասնակցությունն էին բերել համայնքում հարգանք ու կշիռ վայելող բազմաթիվ անձինք՝ հոգևորականներից մինչև մտավորականներ, ամերիկացի բաձրաստիճան պաշտոնյաներ, որ եկել էին՝ իրենց ողջույնի, շնորհակալանքի խոսքը հղելու Արմեն Բայբուրդյանին:
Մասնավորապես՝ մեծարման երեկոյին ներկա էին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ սրբազան Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանըը, Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը, Առաքելական եկեղեցու մի շարք այլ հոգևորականներ:
Երեկոյի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհակալական ուղերձներ, պարոն Բայբուրդյանին հանձնվեցին շնորհակալագրեր ու պատվոգրեր՝ նրա մեծ դիվանագիտական ներդրման համար: Բայբուրդյանի պաշտոնավարման տարիներն, իսկապես, պետք է բացառիկ համարել՝ հատկապես դիվանագիտական ձեռքբերումների ու հայ համայնքի կյանքում կատարված ներդրման իմաստով:
Երեկոյի ընթացքում, ինչպես նշվեց, բարձր գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցին՝ կապված Արմեն Բայբուրդյանի պաշտոնավարման շրջանի ավարտի հետ, որոնք, անկասկած, պետք է գնահատել ոչ թե որպես հերթական, ինչ-որ արարողակարգային բովանդակությամբ լի ելույթներ կամ գնահատականներ, այլ իրականությունը լիովին արտացոլող շնորհակալական ուղերձներ, որոնցից թերևս մենք նույնպես չէինք ցանկանա անմասն լինել:
Իսկապես բազմաթիվ են համայնքային ձեռքբերումները, որոնց ակունքներում կագնած է եղել Արմեն Բայբուրդյանը, և դժվար կլինի թերևս մեկիկ-մեկիկ թվարկել դրանք կամ նկարագրել դրանց կարևորությունը:
Օրինակ՝ հենց Բայբուրդյանի ջանքերով է, որ լրագրային դաշտում ձևավորվեց նոր մշակույթ: Հեղափոխությունից հետո նշանակվելով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս՝ Արմեն Բայբուրդյանը նոր մակարդակի բարձրացրեց հյուպատոսություն - ԶԼՄ-ներ կապը՝ բոլորին միավորելով կլոր սեղանի շուրջ: Մեդիայի հետ Արմեն Բայբուրդյանի ճիշտ աշխատանքը, որ կոչված էր առաջին հերթին հյուպատոսություն - ամերիկահայություն կապերի զարգացմանը, ամուր կամուրջներ հաստատեց երկու սուբյեկտների միջև՝ առաջին հերթին բարձրացնելով դիվանագիտական այդ կառույցի հեղինակությունը:
Միաժամանակ չափազանց կարևոր է ընդգծել այն, որ Արմեն Բայբուրդյանը ոչ միայն փայլուն դիվանագետ է՝ օժտված մասնագիտական բարձր որակներով, այլև՝ հրաշալի մարդ: Նա հավասարապես հարգանք է տածում բոլորի հանդեպ՝ անկախ մարդու զբաղեցրած հասարակական դիրքից կամ կարողությունից: Ջերմությամբ ու բարեկամաբար է մոտենում յուրաքանչյուրին՝ յուր պաշտոնն ու դիրքն իսկապես ծառայեցնելով ի փառս հայ համայնքի, այդ համայնքի ամեն մի անձի բարօրությանը: Թերևս չի գտնվի համայնքում գեթ մեկ հոգի, ով չի հաստատի մեր այս խոսքերը, չի փաստի Բայբուրդյանի նրբանկատությունն ու իրական դիվանագիտական ձիրքը՝ լեզու գտնելու բոլորի ու ամենքի հետ: Ասել կուզի՝ Արմեն Բայբուրդյանը դիվանագետ է ոչ միայն ի պաշտոնե, այլև՝ կյանքում ու կենցաղում:
Վերջին տասնամյակներում բազմաթիվ անգամներ եմ մասնակցել տարբեր հյուպատոսների մեծարման կամ պաշտոնավարման շրջանի ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին, սակայն Արմեն Բայբուրդյանի պատվին կազմակերպված մեծարման երեկոն, որը վարեց ամերիակյան KTTV FOX11 հեռուստակայանի հայտնի հեռուստահաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը, իսկապես բացառիկ պետք է համարել՝ հատկապես մասնակիցների ներկայացուցչականության առումով:
Նշենք, որ երեկոյի ընթացքում իր յուրօրինակ կատարմամբ հանդես եկավ տաղանդավոր երգիչ Հարութ Փամբուկչյանը, սիրված երգչուհի Անահիտ Ներսիսյանի կատարմամբ հնչեցին ԱՄՆ ու ՀՀ ազգային օրհներգերը, «Վարդան և Սիրանույշ Գևորգյան» պարի ակադեմայի պարուսույց Սոնա Գևորգյանն երեկոն զարդարեց իր գեղեցիկ պարով, իսկ Ջիվան Գասպարյանը՝ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը, զարդարեց երեկոն հայկական դուդուկի անզուգական ելևէջներով:
Շատ տպավորիչ ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրային Ռադիոյի նախկին գործադիր տնօրեն, ՀՀ Մշակույթի նախկին նախարար՝ Արմեն Ամիրյանը: 
Գլխավոր հյուպատոսին ուղղված ողջույնի խոսքեր հնչեցրեցին միջոցառմանը ներկա բարձրաստիճան հոգևորականները: Գլենդելի քաղաքապետն, իր քաղաքային խորհրդի անդամներով, նահանգային ներկայացուցիչները ևս իրենց սրտի խոսքը հղեցին Արմեն Բայբուրդյանին՝ միաժամանակ բարձր գնահատելով նրա ներդրումը համայնքային կյանքում, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:
 
Ի դեպ՝ Արմեն Բայբուրդյանն եղել է Լոս Անջելեսում ՀՀ առաջին գլխավոր հյուպատոսը 1995-1997թթ.-ին, և նրա պաշտոնավարման ներկայիս փուլը, փաստորեն, միակը չէ: Հենց նա է կանգնած Լոս Անջելեսում հայկական հյուպատոսության ակունքներում:
 Նշենք նաև, որ վաստակաշատ դիվանագետը ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպանն է եղել Հնդկաստանի Հանրապետությունում 2000-2004թթ.-ին: Ընդհանուր առմամբ Բայբուրդյանի կալիբրի դիվանագետներ Հայաստանում քիչ կան, ինչն է՛լ ավելի մեծ արժեք է տալիս նրա աշխատանքային գործունեությանն ու անձին՝ ընդհանրապես:
Անշուշտ, ափսոսանք ենք ապրում պարոն Բայբուրդյանի դիվանագիտական ներկա առաքելության ավարտի կապակցությամբ, սակայն միանշանակ է, որ այն կապերը որոնք ստեղծվել են հարգարժան գլխավոր հյուպատոսի ու մեր միջև, կմնան անսասան ու կամրապնդվեն հետայսու ևս:
USArmenianews.com լրատվական կայքը շնորհավորում է Արմեն Բայբուրդյանին ու հյուպատոսության աշխատակիցներին դիվանագետի օրվա կապակցությամբ: Շնորհակալ ենք նրանց հատկապես լրագրողական համայնքում, լրատվադաշտում նոր մշակույթ ձևավորելու համար, և այս առումով մնում է հուսալ, որ ով էլ փոխարինելու գա Արմեն Բայբուրդյանին, հյուպատոսությունը կշարունակի նույն ոճով ու նույն ոգով՝ անսասան պահելու այս կառույցի հեղինակությունը հայկական համայնքում, համապատասխանելու այն բարձր նշաձողին, որ հասցրեց սահմանել Արմեն Բայբուրդյանն իր դիվանագիտական գործունեության ընթացքում:
Գայանե Մանուկյան
Լրագրող
Լոս Անջելես
 
Այս նյութը դիտել են - 5621 անգամ