Անմեղսունակ ողբերգություն. հայկական տրագիկոմեդիայի նոր գագաթը2022-03-04 09:35:00
Հայաստանում չափազանց տարօրինակ, իսկ եթե ավելի դիպուկ՝ կատարյալ անմեղսունակության մթնոլորտ է տիրում: Մինչ աշխարհը կորցնում է խաղաղության հույսն, իսկ ատոմային աղետն այլևս չի թվում հիվանդագին ֆանտազիա, Հայաստանում պետական կառույցներն ու իշխող ուժի ներկայացուցիչները շարունակում են «պատին թիթեռ նկարելու» ու «մուկ տշելու» իրենց անմեղսունակ վարքագիծը:
Օրինակ՝ պարզվում է, որ մասնագիտությամբ իրավաբան, բայց իրերի ու իրադարձությունների բերումով առողջապահության նախարարի աթոռին հայտնված Անահիտ Ավանեսյանի կողմից ղեկավարվող նախարարությունն այս նեղ-մաջալին որոշել է կրկին կպնել հայաստանյան օբյեկտների ջանին: Հերթական նախագիծն է ներկայացվել և առաջարկվել նոր արգելք սահմանել հանրային սննդի կետերի համար։
Ըստ այդմ՝ առաջարկվում է վերջիններին արգելել սեղաններին աղ դնել, եթե հաճախորդը չի պահանջել։
Ընդ որում՝ հետաքրքիր է ստացվել հիմնավորումը, որով փորձում են պատճառաբանել այս տխմարությունը: Պարզվում է՝ Ավանեսյանը հանկարծ հայտնաբերել է, որ աշխարհում առավել տարածված չորս հիվանդությունները` արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը և թոքերի քրոնիկ հիվանդությունները, պայմանավորված են նաև աղի չարաշահման գործոնով: Ընդ որում՝ այն օբյեկտները, որոնք կհամարձակվեն խախտել այս «կենսատու» արգելքը, անմիջապես կտուգանվեն 30000 դրամով:
Կարճ ասած՝ Ավանեսյանը պատերազմ է հայտարարում սեղանի աղին՝ «խնայելու» հայ ժողովրդի արյունն ու օրգանները:
Բայց սա, ցավոք, իշխանական թիմի վերջին օրերի նոու-հաուների ամբողջական ցանկը չէ:
Մինչ ամբողջ հասարակական-քաղաքական դաշտը, ԶԼՄ-ները լծվել են մարտի 3-ի ԱԺ բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայհոյանքի քննարկմանը՝ հարկ եղած դեպքում «ուրիշ բան թափ տալու» մասին՝ արդարացիորեն դատապարտելով ու դատափետելով նմանօրինակ պահվածքը, գտնվել է մեկն, ով, իր հին սովորության համաձայն, փորձել է լվալ Նիկոլ Փաշինյանի երեսը. Հովիկ Աղազարյանն է կրկին փայլել իր էքսցենտրիկ ֆանտազիաներով ու, մասնավորապես, հայտարարել. «Մենք մեր թոռնիկներին, մեր երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա»:
Միաժամանակ հայհոյանքը տարօրինակորեն որպես ջերմատվության աղբյուր համարող Աղազարյանը հասցրել է հնչեցնել նաև շաբլոն դարձած հայտարարություններ՝ ասելով. «…Այդ միջոցները գնացել են եւ դառել են դղյակներ, պալատներ, չեն դառել զենք ու զինամթերք, չեն դառել մեր հայրենիքի պաշտպանական գոտիներ»: Սա նա ասել է՝ խոսելով Արցախի բռնազավթված տարածքներում աճեցվող հացահատիկի ու դրա նշանակության մասին, որի կարիքն այսօր Հայաստանում իսկապես զգացվում է, բայց որն այլևս մերը չէ:
Իհարկե, թե՛ Անահիտ Ավանեսյանի, թե՛ յուր մտքի «անզուգական թռիչքով» ու քստմնելի քծնանքով հանրահայտ դարձած ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի «դաստիարակչական» քարոզչությունը՝ քֆուրի արժեքի ու նշանակության, ինչպես նաև նախկինների «թալանի» մասին, որքան էլ ծիծաղելի, բայց որոշ լրջագույն հետևությունների տեղիք, այնուամենայնիվ, չեն կարող չտալ:
Չափազանց ցավալի է տեսնել հայ հասարակության ու տարբեր հանրույթների վզին այս օրերին փաթաթվող այն կեղծ օրակարգերը, որոնց նպատակը լրջագույն հարցերից ժողովրդի ուշադրության շեղումն է: Հայաստանն իսկապես զրկվում է իր ապագայից և զրկվում է ոչ միայն աշխարհում ընթացող գլոբալ պրոցեսների, այլև նախևառաջ ներքին քաոսի հետևանքով, որ թագավորում է 2018-ից ի վեր,և որն իր պիկին հասավ կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում, հետպատերազմյան փուլում: «Տեղեկատվական բադիկներ» բաց թողնելուց, մանիպուլյացիաներ հորինելուց ու երկրի տնտեսությունը վերջնանապես թաղելուց զատ այս քաղաքական թիմը չի զբաղվում ոչնչով:
Օրինակ՝ ո՞վ կարող է բացատրել սննդի օբյեկտների մասով առաջարկվող նոր նախագծի տրամաբանությունը կամ դրա իմաստը: Իմաստն այն է, որ բյուջեն հավելյալ միջոցներով լցնելու կարի՞ք է զգացվում, թե՞ կորոնավիրուսային սահմանափակումների հետևանքով դեռևս լիովին ոլորտի հերը չի անիծվել, ուստի՝ ոմանք խնդիր են դրել վերջնականապես քանդել սննդի, սպասարկման ոլորտը Հայաստանում՝ ասենք ճանապարհ բացելով ապագա թրքական ներդրումների համար:
Ասում են՝ թուրքերը, հարաբերությունները կարգավորելուց հետո, նպատակ ունեն ամբողջությամբ գնել Հայաստանի սպասակման ոլորտը՝ սննդի օբյեկտներից մինչև հյուրանոցներ: Լա՛վ, ի՞նչ խնդիր կարող են այս ճգնաժամային իրավիճակում լուծել աղն ու աղամանն, երբ միանգամայն իրական է թվում թուրքական ներխուժման վտանգն, իսկ տնտեսությունը շարունակում է գահավիժել Հովիկ Աղազարյանի «հանճարից» էլ ներքև:
Համաձայնե՛ք, որ ելքն այս իրավիճակից իսկապես չի նշմարվում՝ նույնիսկ անկախ այն բանից, թե ով ինչ է թափահարում կամ ինչ է զգում հայհոյվելիս:
Այս նյութը դիտել են - 1854 անգամ