Կեղծ վազգենասիրություն. ինչպե՞ս թաղեցին Հայաստանը
2022-03-05 08:19:00
Մարտի 5-ը հայոց պատմության վերջին տասնամյակների ամենակարկառուն ռազմաքաղաքական գործիչներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, և ինչպես միշտ է լինում, այդ օրը բազմաթիվ գործիչների, պետական այրերի, երևելիների կողմից հնչում են հայրենասիրական ճառեր, խոսվում Վազգենի թողած ժառանգության, նրա անմահ գործի շարունակականության կարևորության մասին: Սպարապետի ծննդյան օրը կարծես Շուշիի ազատագրման օրվա պես մի բան լինի, Սարդարապատի ճակատամարտի հիշատակության օրվա նման ընկալելի, ինչը թերևս բնական է:
Հարցը, սակայն, այսօր ոչ թե Վազգենի թողած ժառանգության կամ  գործերի արժևորման մեջ է, այլ՝ նրա ծննդյան օրը ջերմորեն շնորհավորողների: Երբ Վազգեն է գովաբանում ու Վազգենին պատիվ է տալիս, ասենք, ընդամենը մի քանի տարի առաջ հեղափոխությունն Արցախի ազատագրումից առավել կարևոր համարող մեկն, ապա տվյալ պարագայում հարցականի տակ է առնվում առնվազը ոմանց բարոյական իրավունքի ու իրական կերպարի հարցը:
Շատերը նկատած կլինեն, որ արցախյան պատերազմից ու նոր խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ՔՊ-ականներ այսօր ամեն կերպ ջանում են հեռավորություն պահպանել այն քաղաքական ուժից, որին երեկ հավատարմության երդում էին տվել: Խոսքը «նախկին» ՔՊ-ականների մասին է, որոնցից ոմանք սկսել են ձևանալ՝ ընդդիմադիրներ՝ դրա ամենաչակերտավոր իմաստով: Դրանք հիմնականում այն անձինք են,որոնք նոր խորհդարանում տեղ չեն գտել ՔՊ կազմում և երևի հասկանալով իրենց գործած մեղքերի ծանրությունը՝ փորձում են նման կերպ իբր ինքնամաքրվել:
Ասվածը խիստ բնորոշ է թերևս առաջին հերթին ԵԿՄ-ն վաղուց ՔՊ դուքյանի վերածած, Վազգենի ու Մանվելի ժառանգությունը քամուն տված Սասուն Միքայելյանին: Արցախը բարով-խերով «հորով-մորով անելուց» հետո նա մի տեսակ ընդհատակ է անցել, տեսախցիկների առջև կանգնում է առիթից առիթ՝ խուսափելով լրագրողներից:
Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի միջոցառմանը Մանվել Գրիգորյանին այդ պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ջանքերով փոխարինած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հուզիչ ու սրտառուչ խոսքեր էր հնչեցրել՝ սպարապետին խոստանալով, ասենք, նրա տունն անսասան պահել և այլն:
Արդյոք նմանօրինակ խոսքերը գրոշի արժեք ունե՞ն, թե՞ ինչ-որ հերթապահ հայտարարություններ են, որ ոմանք պաշտոնի բերմամբ ստիպված են անել, ինչպես օրինակ՝ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, որ Նիկոլի մոտ «ընդդիմադիր» է աշխատում, Անդրանիկ Քոչարյանը, որ սովոր է ինքնահաստատվել՝ Վազգենի անունը տալով, նույն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, որ սրտառուչ ուղերձ է հղել «Մառախլապատ Ամբիոնից» կամ Սուրեն Պապիկյանը, որը մի տեսակ օտար մարմնի տպավորություն է թողնում բանակում…
Հիմա բոլորը վազգենական են ձևանում, հայրենասերի դիմակ հագնում ու զրնգուն բառեր հնչեցնում, բայց արդյոք բարոյական իրավունք ունե՞ն:
Վազգենի ծնունդն այսօր շնորհավորողներն իրականում թաղել են նրա իդեալներն ու երազանքը, ժառանգությունը հանձնել թուրքին՝ երկիրը վերածելով հայոց մայրերի արցունքներով ոռոգված մահվան հովտի: Իդեալներից զուրկ ազգերն ու ժողովուրդները զրկված են լինում ապագայից:
 
Այսօր Վազգեն մեծարող, բայց իրականում նրա գործը քամուն տվողներն երկիրը զրկել են որևէ տեսլականից: Վազգենին ուղղված շնորհավորանքները չեն կարող անկեղծ լինել, անկեղծ չեն նույնիսկ նրանք, որոնք Վազգենի ԵԿՄ-ով այսօր մարդամեջ են խառնվել: Իրականությունն այն է, որ սրանք ենթագիտակցորեն հասկանում են, որ եթե Վազգենը կենդանի լիներ, ոչ միայն այսօր Արցախը դեռ մերը կլիներ, այլև իրենք բնության մեջ չէին գոյատևի, իշխանավորներ չէին լինի: Հայկական լեռնաշխարհում, ասենք՝ արփիդավոյաններ, սուրենպապիկյաններ թեկուզ նորընտիր նախագահ Վահագն Խաչատրյան չէր հանդիպի, որ, ի դեպ, ժամանակին կոչ էր անում հայերիս թուրքերից ներողություն խնդրել: Վազգենի մահվամբ նմանների ճանապարհը բացվեց՝ բացելով Հայաստանը կուլ տվող վիշապի երախը: Հայաստանյան գրեթե ողջ քաղաքական-իշխանական էլիտան հակավազգեն, հակամոնթե ու հակամանվել է այսօր, և սա փաստ է՝ անկախ պրոտոկոլային ելույթներից: Այսօր նույնիսկ բանակի օրը չի նշվում: Ավելին՝ սպանվում ու հալածվում են իրական վազգենականները, որի ապացույցը այն բազմաթիվ քաղբանտարկյալներն են, որոնք այսօր խոշտանգվում են տարբեր քրեակատարողական հիմնարկներում:
Բա վազգենականը Մանվե՞լ կսպաներ բերդերում:
Վազգենի գործը մեռավ այն օրն, երբ Մանվելը հայտնվեց բանտում, իսկ Սասունն էլ՝ ԵԿՄ ղեկավարի բազկաթոռում:
Հիմա ով ինչ ուզում է, թո՛ղ ասի…
Գ.Մանուկյան
Այս նյութը դիտել են - 2038 անգամ