Ինչի՞ց է վախենում Անդրանիկ Քոչարյանը
2022-03-09 10:13:00
Օրեր առաջ Արցախի նկատմամբ կրկին սկիզբ առած ադրբեջանական հարձակումները նոր թափ են հավաքում՝ այս անգամ արդեն ընդգրկելով Հայաստանը: Ադրբեջանը կրկին կրակել է Երասխում, ԱՀ Ասկերանի Խրամորթում, Մարտունու Խնուշինակում, ՀՀ արևմտյան սահմանների դիրքերի ուղղությամբ: Կարճ ասած՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը հետզհետե սկսում է թևակոխել տաք ֆազա, ինչի հետևանքներից մեկն էլ, ի դեպ, Արցախի գազամատակարարման հետ կապված այս օրերին նկատվող ու անլուծելի դարձած խնդիրն է:
Բայց, ահա այստեղ է, որ ականատես ենք դառնում բոլորովին անհասկանալի պատկերի: Աղի հարցը լուծելուց հետո հերթը հասել է օբյեկտներում (նաև բացօթյա) ծխվող սիգարետներին, իսկ ասենք Արդարադատության նախարարությունը որոշել է հանրային քննարկման ներկայացնել հակակոռուպցիոն կոմիտեի գերբի կամ խորհրդանիշի հարցը:
Ամենասոսկալին, սակայն, այն է, որ բացի կեղծ օրակարգեր ծնելուց ու սպասարկելուց, այս իշխանությունները մեկ այլ հարցում նույնպես կասկածելի վարքագիծ են ցուցաբերում: Օրինակ՝ պարզվում է, որ երկրում ոչ ամենավերջին պաշտոնը զբաղեցնող ու ուժայինների, բանակի հետ ուղղակի առնչություն ունեցող Անդրանիկ Քոչարյանը չափազանց հետաքրքիր պատկերացումներ ունի հայ-ադրբեջանական «եղբայրության» վերաբերյալ թուրքերի ունեցած տեսլականի մասին: Մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սրացումների ֆոնին Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ խաղաղության մասին Հայաստանի և Ադրբեջանի ունեցած պատկերացումները համարժեք են: Ճիշտ է, այդ ընթացքում Քոչարյանը, որ հայտնի է լրագրողների հանդեպ իր ունեցած հակակրանքով, կրկին հասցրել է «կծմծել» լրագրողներից մեկին՝ ասելով. «Խաղաղության մեր պատկերացումները համարժեք են, ու դա չի համընկնում ձեր եւ ձեր հեռուստաընկերության ղեկավար կազմի պատկերացումների հետ»:
Ի՞նչ համարժեքության մասին է խոսում Անդրանիկ Քոչարյանը: Կարելի՞ է, արդյոք, նրա այս տարակուսելի խոսքերից եզրակացնել, որ, օրինակ, վերջին սրացումները տեղի են ունենում Փաշինյան-Ալիև ներքին համաձայնությամբ, թե՞ նրա խոսքերն ընդամենը իրավիճակը չսրելուն են ուղղված, իսկ հիմնական թիրախը կրկին մնում է ազատ խոսքն ու լրագրությունն՝ առհասարակ: Այդ դեպքում առաջանում է հարց՝ ինչի՞ց է վախենում Անդրանիկ Քոչարյանը:
Մեծագույն ցավն այն է, որ վախեցողը միայն Անդրանիկ Քոչարյանը չէ, իսկ ամենառաջին վախեցողը թերևս Նիկոլ Փաշինյանն է: Հանրության համար ամենասարսափելին այն է, որ այդպես էլ չի բացահայտվում, թե ինչն է այդքան վախեցնում Նիկոլ Փաշինյանին հատկապես հետպատերզմյան այս փուլում՝ փուլ, որի ընթացքում, ինչպես առողջ տրամաբանությունն է հուշում, պետք է որ հայկական կողմն ամեն ինչ աներ՝ վերականգնելու, վերազինելու, ապաքինելու ՀՀ զինված ուժերը: Այս ուղղությամբ մատը մատին գործնականում չի խփել՝ նախընտրելով փողը ծախսել գյուռ-գյուռ պարգևավճարների, թանկարժեք մեքենաների ու այլ երկրորդական բաների վրա՝ փակելով Արցախի, իսկ գուցե նաև Հայաստանի հարցը:
Բայց միակ բանից, որ անդրանիկքոչարյանները պետք է իսկապես վախենան, ժողովրդի ցասումը պետք է լինի՝ ցասում, որ գալու է ու գալու է շատ արագ. տոտալ հիասթափությունն ու սոցիալ-տնտեսական ճգնաժամը, անտեսվող անվտանգային խնդիրներն ու այդ ֆոնին ասենք ՔՊ-ականների «կայֆերի» մասին փաստող «սելֆիները» անխուսափելի են դարձրել ժողվորդական ցասումը, երերուն՝ Նիկոլ Փաշինյանի ոտքի տակի հողը:
Մի փոքր կայծ, ու հրդեհը կբռնկվի՝ լափելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Այս նյութը դիտել են - 1568 անգամ