Իրավապահ համակարգի ֆիասկոն. հետևություններ կարվե՞ն2022-03-15 14:15:00
Հայաստանում սոցիալ-տնտեսական, անվտանգային, ռազմաքաղաքական չլուծվող խնդիրների բազմազանությունը լրացնելու է գալիս ևս մեկը: Երկրում հանցագործությունների մակարդակն է սրընթաց աճ գրանցում:
Արթուր Դավթյանի գլխավորած Գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել է 2021թ. հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրացման արդյունքները:
Ըստ այդմ՝ պարզվում է, որ 2021թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է հանցագործության ավելի քան 30.000 դեպք, որ նախորդ տարվա համեմատ 3777-ով կամ 14․3%-ով ավելի է: Ընդ որում՝ դեպքերի աճ արձանագրվել է գրեթե բոլոր հանցատեսակների գծով։
Միևնույն ժամանակ հատկանշական է, որ աճել է սպանության դեպքերի ու սպանության փորձերի քանակը՝ համապատասխանաբար կազմելով 20% ու մոտ 18%:
Ի՞նչ է սա, ինչո՞ւ է Հայաստանը գահավիժում:
Փաստորեն՝ Հայաստանը, հակառակ ասենք «Ապագա կա, ապագա» լոզունգ-խոստմանը, որ ՔՊ-ականները վերցրել էին թուրքերից, ներհասարակական ճգնաժամի մեջ է հայտնվել՝ գումարած բոլորիս հայտնի պրոբլեմները: Իշխանությունները ոչ միայն տապալում են սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական օրակարգերն ու գլորվում, այլև երկրում սրվում է քրեածին մթնոլորտը, և մեծանում է հատկապես ծանր հանցագործությունների մակարդակը՝ ուղղված մարդու ֆիզիկական գոյության դեմ:
Իրավիճակին նպաստող հանգամանքներն, իհարկե, շատ են, և դրանք կարելի է թվարկել երկար, սակայն միևնույն ժամանակ նմանօրինակ ցուցանիշներն, անկախ ամեն ինչից, խոսում են նաև իրավապահների աններելի ձախողման մասին:
Նկատենք, որ որպես առաջնային իրավապահ համակարգ է դիտարկվում հատկապես Ոստիկանությունը, որի պետը՝ Նիկոլի մանկության ընկերը, ինչպես հայտնի է, գիշեր ու ցերեկ զբաղված է հիմնականում մեկ բանով՝ ընդդիմադիրների որսով, կարմիր բերետավորներին սրա-նրա վրա քսի տալով ու իշխանությունների հետույքը պահելով՝ քաղաքական իմաստով…
Այս առումով, ցավոք, Հայաստանում ոչինչ չփոխեց հեղափոխությունը, և ոստիկանության նարկոշ վովայական գործելաոճը մնաց անփոփոխ: Ոստիկանությունն ակնհայտորեն ձախողել է իր բուն առաքելությունը՝ ներհասարակական համերաշխության ու անվտանգության ապահովումը, ապավովայականացումը:
Մյուս կողմից՝ ինքնին բաց է մնում հասարակության բարոյահոգեբանական վիճակի հարցը, որ անքակտելիորեն շաղկապված է նաև սոցիալ-տնտեսական բաղադրիչի հետ: Առաջին հերթին, սակայն, հատկապես անպատժելիության զգացողությունն է դիտարկվում որպես հանցագործությունների թվի աճի հիմնական պատճառ, ինչը նույնպես խոսում է իրավապահների և, առհասարակ, դատաիրավական համակարգի ու մարմինների կատարյալ ֆիասկոյի մասին:
Փաստացի Հայաստանում քաղբանտարկյալների թվի աճին զուգահեռ անշեղորեն աճում է հանցագոծությունների մակարդակը, ինչը չի կարող լրջագույն հետևությունների տեղիք չտալ՝ բարձրացնելով նաև քաղաքական պատասխանատվության հարցը: Սրա-նրա վրա գործեր «կարելն» ու բերդ խցկելը դեռ լավ աշխատանքի ցուցանիշ չէ՝ չնայած ո՞վ է ասել, որ իշխանություններին իրավապահներից դրանից ավել ինչ-որ այլ բան է պետք:
Հայաստանյան ներկայիս իրականությունն իսկապես անտանելի է, և թերևս նման կերպ շարունակվելու դեպքում պայթյունն անխուսափելի կարող է լինել: Կպայթի ամեն ինչ, կպայթեն բոլորը, և 2018-ի պայթյունը, որ շատերն իրավացիորեն արհեստածին են համարում, կարող է թեթև զբոսանք թվալ «հեղափոխականների» համար՝ վերասահմանելով այդ եզրույթի իմաստն ու նշանակությունը:
Այս նյութը դիտել են - 1838 անգամ