«Ռեֆորմիստը»2022-03-18 02:54:00
Հայաստանում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ: Մի կողմից՝ սոցիալ-տնտեսական անլուծելի խնդիրն են խեղդում, մյուս կողմից՝ բանակում խորհրդավոր պայմաններում զոհերի թիվն է ավելանում:
Մարտի 16-ին հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում կատավածից հետո, ՊՆ-ն մարտի 17-ին հայտնել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում ևս մեկ զոհի մասին՝ միաժամանակ հերքելով տարածված այն ինֆորմացիան, թե այդ զոհերի պատճառն ադրբեջանական սադրանքներն են: Իսկ ինչ վերաբերում է գերիների հարցին, ապա նրանց մասին իշխանությունները չեն էլ հիշում՝ չնայած իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը խոստացել էր լուծել խնդիրն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում՝ կոչ անելով մի քիչ էլ սպասել:
Ահա այս ամենի խորապատկերին է, որ կառավարության ամենշաբաթյա նիստերը իսկական խեղկատակություն են հիշեցնում: Հավաքվում են իրենք իրենցով ու զվարճանում՝ մարդկանց հիմարի տեղ դնելով:
Մարտի 17-ի կառավարության նիստը թերևս նմանօրինակ շոուների շարքին պետք է դասել:
Վարչապետը տեսախցիկների առաջ կրկին արծարծել է Հայաստանում վերջին ժամանակներում թոփ թեմա դարձած աղին ու աղամանին, սիգարետին առնչվող հարցերն ու ձայնի խրոխտ տոնայնւթյամբ հայտարարել. «Ո՞վ է ասում, թե մենք ռեֆորմներ չենք անում։ Այսօրվա նիստի երկու թեմաները ամենախոշոր ռեֆորմների մասին են… Ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր ռեֆորմները չունեն մեկ ուղղություն, դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական են, և՛ կառավարչական են, այնպես որ՝ սա շատ կարևոր ուղղություն է։ Հույս ունեմ, որ մենք այս ճանապարհը կշարունակենք»։
Այսպիսով՝ Փաշինյանը բացահայտում է իր ու սեփական կառավարության՝ «ռեֆորմ» ասվածի ընկալման սահմանները՝ գրանտային ծրագրերի գլխապատառ իրագործումը որակելով որպես քաղաքակրթական: Նիկոլին է՞լ է աղամանային գրանտից մի կլորիկ չափաբաժին հասել: Համենայն դեպս այս առումով առողջ կասկածների ի հայտ գալը բնավ անբնական չի կարող լինել: Կա՛մ պետք է խելապակաս լինել՝ աղամանի թեման որակելու որպես քաղաքակրթական հարց, կամ շատ կոնկրետ դիվիդենտներ պետք է ստացած լինել՝ համապետական, կառավարական մասշտաբով աղամանի PR-ն անելու համար:
Իհարկե, իսկական խայտառակություն է իրական ռեֆորմների բացակայությունն երկրում, բայց մյուս կողմից՝ թերևս խեր, որ հայաստանյան «ռեֆորմները», փաստորեն, ավարտվում են աղի ու սիգարետի հատման կետում: Իսկական ռեֆորմիստ լինելու համար պետք է հասունացած լինել, իսկ եթե խակ ես, ապա լավ է՝ ընդհանրապես ձեռք քաշես ռեֆորմիստի կարիերայից, քանի որ դրանք կարող են դառնալ իրական չբարեփոխումներ, ինչպես «նոր» Հայաստանի պարագայում է:
Ի դեպ՝ կառավարության ղեկավարը նույն նիստում, որի օրակարգում ընդգրկված էր 32 հարց, որից 29-ը՝ չզեկուցվող, խոսել էր նաև տխրահռչակ պարեկային ծառայության թեմայով՝ մասնավորապես՝ կոչ անելով մարզաբնակ կանանց ընդգրկվել այդ ծառայությունում իրենց մարզերում: Այստեղ ակնհայտորեն շեշտադրվում է խնդրի գենդերային կողմն՝ ընդգծելու արևմտյան արժեքներին ունեցած հավատարմությունը՝ միաժամանակ շրջանցելով նեդրված ինստիտուտի արդյունավետության կամ նպատակահարմարության հարցը:
Հայաստանը ռեֆորմների ու իրական ռեֆորմիստական կառավարության կարիք այսօր շատ ունի՝ տնտեսական, հարկային դաշտից՝ մինչև բանակ ու ուժայիններ: Բայց դրա մասին՝ ոչ մի ծպտուն: Փաշինյանն ակնհայտորեն ժամանակ է ձգում՝ անտեսելով սահմանային լարված վիճակն ու օրեցօր ավելացող զոհերը, որի համար պատասխանատվություն այսօր ոչ ոք չի կրում՝ ոչինչ չանելով, ոչնչով չզբաղվելով:
Մյուս կողմից՝ հարց է, թե չեն զբաղվում, քանի որ չե՞ն ուզում, թե՞ չեն զբաղվում, քանի որ չեն կարողանում: Իսկ միգուցե լավ էլ «զբաղվում են», բայց գաղտնի՞ (չզեկուցվող հարցերի բազմաքանակությունն, օրինակ, լավ բան չի հուշում), ու դրա համար էլ այս օրվան ենք հասել:
Նկատենք, որ բոլոր այս տարբերակներն էլ, նույնիսկ ունակ չլինելու թեզն էլ կյանքի իրավունք ունեն՝ նկատի ունենալով ասենք նույն էկոնոմիկայի նախարարի հանգամանքը:Մարդը հո զոռով չի՞ անում: Միայն «մտքի գիգանտը» կարող է հայտարարել, որ, օրինակ, տնտեսվարողները ժողովրդի «պանիկան» զսպելու համար են ապրանքների գները բարձրացրել: Ասեք, որ ավելի «հանճարեղ աֆորիզմ» դժվար էր պատկերացնել:
Հայաստանի դժբախտությունը կայանում է նրանում, որ վերը հիշատակված երեք տարբերակները տվյալ պարագայում հանդես են գալիս միահյուսված ու մեկ ճակատով: Նա, ով կարող է մի բան անել, դիտավորյալ չի անում, նա, ով ուզում է մի լավ բան անել, չի կարողանում, իսկ նա, ով պարզապես քանդող բրիգադ է, իր գործը գաղտնի է անում, որ դիմացն առնող չլինի, ու իր չար գործն ավարտին հասնի:
Ահա սա է ներկայիս Հայաստանի վիճակը, ահա սա է տրոյական ձիու գործառույթներ ստանձնած Կառավարության իրական դիմապատկերը:
Հո դիմապատկեր չի՜… մե «կարտինկա»…
Այս նյութը դիտել են - 1256 անգամ