«Արաբատը» բացում է խաղաքարտերը. ինչո՞ւ է երջանկացել Ալիևը
2022-03-21 12:59:00

Մինչ Իլհամ Ալիևը աշխարհին խոստովանում է իր երջանկությունն ու պատմում դրա պատճառների մասին՝ հայտարարելով՝ Ադրբեջանը լայնածավալ աշխատանք է տանում Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի բարեկարգման ուղղությամբ, Հայաստանը՝ ՔՊ-ականների գլխավորությամբ, շարունակում է իր անկումն ու անորոշ ընթացքը. «բանը բանից անցնում է»:
Մարտի 21-ին Աժ-ում Արցախի հարցով ընդդիմության նախաձեռնած լսումները, որոնց իշխանական պատգամավորները հրաժարվել են մասնակցել, զուգորդվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի հետ, որի ընթացքում Արարատ Միրզոյանի ու ընկերների շնորհիվ «ջրի երես է դուրս եկել» իշխանությունների իրական մտայնությունն ու ծրագրերը՝ Հայաստանի ու Արցախի ապագայի հետ կապված:
Մասնավորապես՝ ՔՊ-ական Արփի Դավոյանն ընդդիմության նախաձեռնած ԱԺ լսումները որակել է՝ խատառակություն, իսկ Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, թե ընդդիմադիրները ռևանշիստներ են և ուզում են մեզ անցյալ տանել, Անուշ Բեղլոյանն էլ շտապել է փակել անցյալի և ներկայի վերաբերյալ վեճը:
Բայց ամենաթունդը ստացվել են «Արաբատ» Միրզոյանի խոսքերը:
ՀՀ ԱԳ նախարարն այդպես էլ խուսափել է հստակ պատասխանել Արցախի ապագային, դրա ապագա կարգավիճակին առնչվող հարցերին՝ միաժամանակ հայտարելով, թե Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված առաջարկներում, մեծ հաշվով, անընդունելի ոչինչ չկա: «Այլ բան է, որ այդ հարցերը ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը»,-մասնավորապես՝ իր խոսքում շեշտել է Միրզոյանը:
Արցախի կարգավիճակի մասին հստակ հայտարարություններից խուսափող ու այդ խնդիրը շուտասելուկի հետ շփոթող ԱԳ նախարարի խուսափողական կեցվածքն է՛լ ավելի վտանգավոր է դառնում,երբ ակամա վերհիշում ես DJ Էդոյի՝ Էդուարդ Աղաջանյանի՝ բոլորովին վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում կատարած հայտարարություններն, երբ Հայաստանում ոչ ամենավերջին պաշտոնը զբաղեցնող անձն, ըստ էության, հնարավոր էր համարել ու չէր բացառել Ացրախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը, ինչն առաջ էր բերել հանրության ու կոմպետենտ հասարակական-քաղաքական շրջանակների տարակուսանքը:
Միզրոյանն երևի հաշվի է առնում հենց «պլաստինկա» ֆռացնող Էդոյի փորձն ու խուսափում հստակ ձևակերպումներից՝ ժամանակից շուտ իշխանությունների խաղաքարտերը չբացելու համար՝ իշխանություններ, որոնք, փաստորեն, խայտառակություն են համարում Արցախի խնդրի բաձրաձայնումը հայկական քաղաքական օրակարգում: 
Ընդ որում՝ հատկանշական է, որ նույն Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե իբր իրենք ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը կարևոր են համարում Ադրբեջանի հետ հարաբերությունների կոնտեքստում, ինչը ոչ այլ ինչ է, քան սովորական քողարկում այն հակահայ բովանդակության, որ այսօր կրում են նույն հայ-թուրքական բանակցություններն ու Բաքվի հետ հեռահար սիրախաղը:
 Հիմարին էլ է պարզ, որ ոչ մի կարգավիճակի թեմա իրականում գոյություն չունի, քանի որ եթե այդպիսին գոյություն ունենար, Թուրքիայի արտգործնախարարն երբեք այդքան լայն չէր ժպտա «Արաբաթ» դարձած Արարատին: Ընդ որում՝ խոսքը գնում է ոչ միայն Արցախի՝ Ադրբեջանի տարածքից դուրս որևէ կարգավիճակի, այլև նույնիսկ այդ երկրի կազմում ցանկացած հնարավոր ստատուսի բացառման մասին: Ադրբեջանը թեման փակված է համարում՝ բացառելով կարգավիճակի մասին որևիցե քննարկում:
Վերջին շրջանում թե՛ ռազմական, թե՛ քաղաքական որոշ գործիչներ, որոնք բնավ պատահական մարդիկ չեն, շարունակում են պնդել, հայտարարել, որ տեսանելի ապագայում, շատ շուտով տեղի է ունենալու հարձակում Հայաստանի վրա: Ոմանք նույնիսկ հստակ ժամկետներ են նշում՝ ապրիլ-մայիս՝ միաժամանակ ահազանգելով, որ հայկական կողմը հնարավոր պատերազմին պատրաստ չէ: Նրանց այդ նախազգուշացումներն է՛լ ավելի ռեալիստական են թվում հատկապես ռուս-ուկրաինական ձգձգվող պատերազմի ֆոնին:
Հնարավո՞ր է արդյոք 2020-ի սցենարի կրկնություն, բայց այս անգամ շատ ավելի լայն մասշտաբներով: Եթե այո, ապա նկատի ունենալով անցած պատերազմը՝ կարելի՞ է, արդյոք, ապագա բախումն ու դրա վերջաբանը համարել ստվերային պայմանավորվածության հետևանք՝ Արցախի ու գուցե նաև Զանգեզուրի թեման փակելու հեռանկարով: Ոչինչ բացառված չէ՝ նկատի ունենալով թե՛ 5 մլրդ-ի մասին ոչ անհայտ խոսակցությունները, թե՛ այն կատարված փաստը, որ Արցախում ու դրա շուրջ գտնվող տերիտորիաների մի զգալի հատվածը թուրքին է զիջվել թղթով՝ առանց մեկ կրակոցի՝ ասենք 25000 կյանք փրկելու շրջանակներում:
Եթե իսկապես իշխանությունները ցանկանային գոնե ինչ-որ կերպ չեզոքացնել թուրք-ադրբեջանական օրակարգն, ապա գոնե բանակն այսօր այս վիճակում չէր լինի, երբ ոչ միայն չի լրացվել բացն, այլև խորհրդավոր պայմաններում զոհվողներն են շատացել՝ հիշեցնելով 90-ականները: Բայց ո՞ւմ է դա հուզում, երբ թշնամին պահանջում է Հայաստանի լիակատար ապառազմականացումն ու ստանում:
Այս նյութը դիտել են - 1276 անգամ