Այսօր Գերագույն հոգևոր խորհուրդը անսպասելիորեն հայտարարեց, որ փրկչի արձանը դեմ է մեր եկեղեցու պատմամշակութային ավանդույթին
2022-03-24 13:56:00
Մի քանի օր առաջ մեր եկեղեցին օրհնում էր Գագիկ Ծառուկյանի Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու գաղափարը, էտ ինչպե՞ս այսօր արդեն անընդունելի դարձավ այն:
Այսօր Գերագույն հոգևոր խորհուրդը անսպասելիորեն հայտարարեց, որ փրկչի արձանը դեմ է մեր եկեղեցու պատմամշակութային ավանդույթին։ 
Նշեմ, որ հարգում եմ մեր հոգևոր առաջնորդներին և ներկայացուցիչներին, բայց փոփոխական այս հայտարարությունները կասկած են առաջացնում մասնավորապես այն պատճառով, որ օրինակ ստորև ներկայացված նկարում Գարեգին Բ-ն օծում է Վատիկանում բացված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ այսօր հայտարարում են, որ արձանները մեր եկեղեցուն դեմ են։ Նշեմ, որ ՀՀ-ում արդեն իսկ կան բազմաթիվ ամենափրկչի կերպարանքով արձաններ և այսպես կոչված հարթարձաններ, որոնք տեղադրված են մատուռների, եկեղեցիների բակերում կամ հարակից տարածքներում։
Կարևոր եմ համարում նշել, որ հենց Գագիկ Ծառուկյանը բազմիցս նշել է, որ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը չի փոխարինելու Հայ Առաքելական Եկեղեցուն կամ խաչքարերին։ Այս նախագիծը գալիս է համախմբելու աշխարհասփյուռ հայությանն ու հույս արթնացնելու դժվարին պատմական ժամանակահատվածում ապրելու համար։
Պետք է նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը տասնյակ եկեղեցիներ է կառուցել և վերակառուցել, իսկ թե ինչքան խաչքարեր է տեղադրվել նրա կողմից հաշվելն էլ անհնար է։ Միայն կասեմ, որ Ղալթաղչիի Սբ․ Հովհաննես եկեղեցու խաչքարերի տեղադրման ավանդույթի ստեղծողն ու տարածողը հենց Գագիկ Ծառուկյանն է։
Կարծում եմ, տեղին կլինի կարծել, որ Մայր Աթոռի այս հայտարարությունը շահառու ուժերի, մասանվորապես իշխանական ներկայացուցիչների ճնշմամբ կամ միջնորդությամբ կատարված գրառում էր, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկում ասված այն խոսքերը, թե Քրիստոսի արձանով կզբաղվեն «պատկան մարմինները»։
Ես մեկն եմ այն երիտասարդներից, ով լսելով հոգևորականների հանդեպ բռնության կոչերը շտապել է Էջմիածին պաշտպանելու հոգևոր ներկայացուցչին վանդալներից և աղանդավորներից, ես մարդ եմ, ով խորապես հարգանքով է մոտենում Հայ Առաքելական Եկեղեցուն, բայց անընդունելի եմ համարում նմանատիպ կողմնապահ և անձնավորված հայտարարություները։

Միքայել Սաֆարյան

ԲՀկ ԵՄ Զեյթունի խորհուրդ նախագահ

 

Այս նյութը դիտել են - 2431 անգամ