«Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է, որը կարելի է գնել օնլայն խանութում2022-03-28 12:51:00
Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիան» հրապարակել է մի ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ հետախուզական խմբերը հատուկ նշանակության մարզումներ իրականացնում անտառում և կատարելագործում իրենց հմտությունները։
Ռեպորտաժում ասվում է, որ հետախուզական խմբի հագուստը հարմարեցված է տեղանքին։
Տեսանյութի ուսումնասիրությունից, սակայն, պարզ է դառնում, որ հետախույզների համազգեստները ռազմական չեն։ Ավելին՝ տեսանյութի հենց առաջին վայրկյաններից հետախույզների քողարկիչ համազգեստի վրա երևացող տարբերանշանը «պատմում է» դրա ծագման մասին։
Ներքևի լուսանկարում երևում է քողարկող համազգեստի տարբերանշանը։
Այս նշանը պատկանում է ամերիկյան Kleen Guard ընկերությանը։ Միայն անվանումը որոնելիս արդեն հնարավոր է գտնել ընկերության և արտադրանքի մասին տեղեկություններ։ Օրինակ՝ հենց այս համազգեստը վաճառվում է amazon.com կայքում 148$-ով։
Համազգեստի նկարագրությունում երևում է, որ այն մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ կոմբինեզոն է, որը նախատեսված է մաքրման աշխատանքների համար: Պաշտոնական կայքում ներկայացված են բրենդի տարբեր արտադրանքներ, որոնցից և ոչ մեկը նախատեսված չէ ռազմական նշանակությամբ օգտագործելու համար։ Այս համազգեստը վաճառվում է տարբեր երկրներում։ Օրինակ՝ ռուսական վաճառքի կայքերից մեկում այն դարձյալ ներկայացվում է որպես մեկանգամյա հագուստ և նախատեսված է տարատեսակ ոչ ռազմական նշանակության աշխատանքներ իրականացնելու համար։
Ռազմական նշանակության համար նախատեսված (կամ հարմարեցված) լինելը կարևոր է տարբեր պատճառներով՝ հիմնականում զինվորականի պատշաճ, հարմարավետ ու պրակտիկ հանդերձանքի, պահուստային փամփշտակալները և այլ սպառազինությունը հարմարավետ կրելու տեսանկյունից։
Օրինակ՝ այս ռեպորտաժում ՆԱՏՕ-ի զորքերը զորավարժություն են իրականացնում Նորվեգիայում։ Նրանց ձմեռային համազգեստից ակնհայտ երևում է, որ այն նախատեսված է զինվորականների համար։
Ռուսական զորավարժությունների ժամանակ օգտագործվում է նմանատիպ քողարկող հագուստ։
Այսպիսով՝ նշված տեսանյութում հետախույզների քողարկիչ և տեղանքին հարմարեցված համազգեստն իրականում հնարավոր է գնել amazon.com կայքից, այն նախատեսված է քաղաքացիական աշխատանքներ իրականացնելու (ախտահանման, դեղագործական արտադրամասերում աշխատանքի և այլն) համար և ռազմական նշանակության չէ։
Փաստերի ստուգման հարթակ
Այս նյութը դիտել են - 2586 անգամ