Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական դեմքը2022-03-28 14:12:00
Արցախում այս օրերին տեղի ունեցողը, որ սպառնում է վերաճել իրական պատերազմի՝ անկանխատեսելի հետևանքներով ու լայն աշխարհագրությամբ, կրկին ու կրկին առաջ է բերում արտակարգ զարգացումներին ու իրավիճակներին Հայաստանի պատրաստվածության հարցը: Եթե վաղը պատերազմ է, ապա ի՞նչ, որն է լինելու մեր երկրի պետական մեքենայի պատասխանը՝ բացի սեփական ձախողումների մեղքը սրա-նրա վրա գցելը:
Որպեսզի որևիցե երկիր պատրաստ լինի իր շուրջ ու իր սահմաններին ցանկացած զարգացումների, նախ պետք է պարզել այն կառավարող շրջանակների, կարևոր պաշտոններ զբաղեցնողների ադեկվատության հարցը, որի պատասխանը, ցավոք, Հայաստանի պարագայում այդպես էլ չի տրվում:
Համացանցում է հայտնվել ՔՊ-ական պատգամավոր, նախկին գաիշնիկ Խաչատրյան Արմենի մասնակցությամբ քեֆ-ուրախության տեսանյութը, որն, ըստ տեղեկությունների հրապարակել է Խաչատրյանի ընկեր հանդիսացող գլխավոր դատախազության աշխատակիցներից մեկը: Տարակուսելին այն է, որ տեսանյութում պատկերված քեֆ-ուրախությունը տեղի է ունենում Արցախի դեմ ադրբեջանցիների սանձազերծած նոր ագրեսիայի ժամանակ, ինչի հետևանքով հայկական կողմը կրում է կորուստներ, երբ Ստեփանակերտի ապագան տառացիորեն մազից է կախված:
Ցավոք, այս օրերին ոչ համարժեք վարքագիծ են դրսևրում ոչ միայն որոշ նախկին գաիշնիկներ, այլև շատ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող իշխանավորներ՝սկսած Վեդիում «կոկորդիլոս բուծող» Սուրեն Պապիկյանից մինչև ասենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան: Դե իսկ Բալլիում աշխարհի կլիմայական պրոբլեմները լուծած-պրծած մեծն Ալենի մասին ընդհանրապես խոսելն անիմաստ է. նա լրագրողներին խոստացել էր՝ Արցախում ստեղծված իրավիճակից կխոսի այն ժամանակ, երբ «բան լինի»: Սպասում ենք…
Հիմա, եթե հանկարծ մի օր քնենք-արթնանանք ու պարզենք, որ Հայաստանի սահմանն անցնում է Սևանի մայրուղով, ո՞ւմ ենք մեղադրելու դրա համար: հիմա Արցախում ստեղծված իրավիճակի համար նույն ԱԳՆ-ն մեղադրում է ռուս խաղաղապահներին: Լա՛վ, իսկ Կառավարությունն ինչո՞վ է զբաղված՝ այն կառավարությունը, որն արդեն երկար շաբաթներ թիվ մեկ թեմա է դարձրել աղն ու աղամանը՝ մոռանալով Հայաստանի աշխարհագրությունը…
Պատմությունն ապացուցում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ ու պետություն սեփական խնդիրները լուծելու հարցում ամենից առաջ պետք է ապավինի սեփական կարողությանը: Միջազգային հանրությունն՝ Արևմուտքը կամ Հյուսիսը, Հարավը կամ ասենք այլմոլորակայինները կարող են ընդամենը բարենպաստ միջավայր ապահովել՝ խնդիրներդ լուծելու, մեկ-մեկ էլ ձեռք մեկնել: Բայց եթե ունեցածդ «ժանտախտի ժամանակ» ռեստորնաններում տժժացող գաիշնիկը և/կամ կրակադիլ Գարիկն է՝ յուր փիառշիկ Սուրիկով, ապա, ինչպես ասում են, մուրը՝ քո գլուխը, մեղքը՝քո վիզը. լալահառաչ մուննաթներն ու կիսատ-պռատ ուլտիմատումներդ արդյունք չեն տալու՝ է՛լ ավել բարդացնելով ծանր վիճակդ:
Այս նյութը դիտել են - 2284 անգամ