Նախարարը՝ քրեական սկանդալի կենտրոնում. բաց մնացող հարցեր
2022-04-01 14:08:00

Մարտի 31-ի Կառավարության նիստում անդրադառնալով ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալության փաստին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն որակել է որպես ցավալի իրողություն: «Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, ու շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը պահենք»,–հայտարարել է Փաշինյանն ու հավելել, որ օրենքի առաջ բոլորն են հավասար:
Հիշենենք, որ Անդրանիկ Փիլոյանը, որին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ)։ Միաժամանակ քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ:
ԱԻ նախարարի հետ կատարվողը հատկապես հատկանշական է այն պատճառով, որ Փաշինյանի առաջարկով դեռ 2020-ի ամռանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում, իսկ նույն տարվա հոկտեմբերին Փիլոյանը արժանացել էր «Ազգային հերոսի» կոչման: Այսինքն՝ Փիլոյանն իր ծառայողական կարյերայի գագաթնակետին էր հասել հենց Փաշինյանի իշխանության օրոք՝ չնայած քիչ չեն մարդիկ, որոնք հարց են բարձրացնում,թե ասենք հատկապես ո՞ր վաստակի դիմաց է Փիլոյանին շնորհվել նման բարձր կոչում:
Տեղի ունեցածն ինքնին բացահայտում է ոչ այնքան ներկայիս իշխանությունների իրական վերաբերմունքը կոռուպցիայի հանդեպ, ինչպես իր խոսքում շեշտել էր վարչապետն, այլ առաջին հերթին այն, որ վերջինիս՝ տարիներ առաջ արած այն հայտարարությունը, թե Հայաստանում այլևս համակարգային կոռուպցիա չկա, իրականությանը չի համապատասխանում. համակարգային կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում, թե՞ պարտադիր պետք է նախկիններն այդ ամենին խառնված լինեին, որ կոռուպցիան ստանար համակարգային բնույթ…
Մյուս կողմից, անկասկած, տեղի ունեցածը բացահայտում է իշխանությունների իրականացրած կոռուպցիան իբր բացառող միջոցառումների սնամեջությունը: Փաստորեն՝ աստղաբաշխական պարգևավճարները, որոնք այս տարիների ընթացքում բաժանվել ու բաժանվում են պետական սեկտորի աշխատակիցներին ու նրանց շեֆերին, ի զորու չեղան՝ զսպելու նրանց անհագուրդ ախորժակը: Այնինչ ամեն տարի բյուջեից չափազանց խոշոր՝ տասնյակ միլիարդների պարգևավճարներ են բաժանվում ու փոշիացվում:
Բացի այս ամենը՝ կա նաև, ինչպես ասում են, հարցի էսթետիկական կողմը: Փաստացի դուրս է գալիս, որ երկիրը կեղեքածների շարքին է դասվում ոչ՛ ավել, ո՛չ պակաս ազգային հերոսը, ինչը կասկածի տակ է առնում ոչ միայն տվյալ անձնավորության՝ այդ կոչմանը համապատասխանելու փաստն, այլև կոչումը շնորհածների ադեկվատությունը:
Հաշվի առնելով, սակայն, հայաստանյան մերօրյա իրողությունները՝ բնական հարցադրում կարող է առաջ քաշվել,թե գուցե նախարարի շուրջ տեղի ունեցող կոռուպցիոն պատմություններն ու դրանց հետևած կալանավորումը առավելապես քաղաքական դրդապատճառնե՞ր ունեն,որ նույնիսկ կարող են փաստել ոչ թե Փիլոյանի՝ «Ազգային հերոս» կոչմանն անարժան լինելու հանգամանքն, այլ դրան լիովին համապատասխանելու փաստը. բացառված չէ, որ Փիլոյանի վրա «կեղտ են գտել»՝ ելնելով այն բանից, որ ասենք վերջինս հրաժարվել է կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանի որոշ կասկածելի հրամաններ ու հրահանգավորումներ:
Հարցերն ու դրանցից բխող հետևություններն, իհակե, շատ են, բայց ոչ միանշանակ: Հակառակ դրան՝ միանշանակ է այն, որ Հայաստանում, հակառակ Փաշինյանի հայտնի պնդումների, համակարգային կոռուպցիան վերացված կամ արմատախիլ արված չէ: Հարցը տվյալ պարագայում այն է, թե հետայսու ևս շարունակելու են դրա դեմ պայքարել հին մեթոդներո՞վ՝ ասենք պարգևավճարների և այլնի տեսքով, թե՞ ֆինանսական միջոցներն ուղղորդվելու են ավելի հրատապ ուղղություններով, իսկ կոռուպիայի մակարդակի իջեցման խնդիրը լուծվելու է իսկապես հեղափոխական ճանապահով՝ հավասարության նշան դնելով օրենքի ու քաղաքական շահի միջև:
 
Այս նյութը դիտել են - 1992 անգամ