Հայ-ամերիկյան օրակարգի ձախողումը. ովքե՞ր են մեղավորները
2022-04-01 19:38:00
Ինչպես տեղեկացրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ-ը նվազեցրել է Հայաստանին տրամադրվող օգնությունը՝ հասցնելով այն մոտ 24 մլն դոլարի, իսկ Արցախին ընդհանրապես օգնություն չի հատկացրել: Պատկերն է՛լ ավելի անհանգստացնող է դառնում ԱՄՆ կողմից Ադրբեջանի համար նախատեսված օգնության ծավալների ֆոնին՝ 164 մլն դոլարից մի փոքր ավելի:
Հետհեղափոխական շրջանի հայ-ամերիկյան հարաբերությունների թեման, իհարկե, անհնար է մեկ-երկու լրագրողական հոդվածի ձևաչափով ամբողջական վերլուծության ենթարկել, սակայն հարցի նույնիսկ մակերեսային քննությունն ակնհայտ է դարձնում փաստը, որ այդ հարաբերությունները փաստացի գտնվում են շրիշակից ցածր մակարդակում, և սա՝ այն դեպքում, երբ ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, այնպես էլ 2018-ի հեղափոխությունը հիմնականում ձեռք են բերել արևմտամետի համբավ, ինչի պատճառով, ի դեպ, մեծապես տուժել են առաջին հերթին հայ-ռուսական հարաբերությունները և ոչ միայն:
Անշուշտ, կարող է հնչել տեսակետ, թե ԱՄՆ-ն առաջին հերթին առաջնորդվում է սեփական առաջնահերթություններով և հատկապես ներկա աշխարհաքաղաքական գերլարված իրավիճակում կարող է շահագրգռված լինել ասենք Ադրբեջանի օգնությամբ Կովկասում ՌԴ դեմ բացվելիք հնարավոր երկրորդ ճակատով, ինչի պատճառով նման ժեստ է կատարում՝ ուղղված Բաքվին, իսկ ասենք «Արաբատի» կամ նրա ենթակա Լիլիթ Մակունցի դիվանագիտական ջանքերը չէին կարող էական դեր խաղալ ամերիկյան դիրքորոշման հարցում: Իրականությունն այն է, սակայն, որ կայսրություններն ու գերտերությունները երբեք չեն տառապել փոքրերի խնդիրների լուծման ուղիներ որոնելով կամ նրանց հաճոյանալու մոլուցքով՝ աշխատելով նրանց հետ, ովքեր ընդունակ են եղել ու են՝ հասկանալի լեզվով բանակցելու իրենց հետ, համադրելու սեփական շահն մեծերի շահերի հետ:
Ցավն այն է, որ Հայաստանից Ամերիկայի հետ արդյունավետ երկխոսող այդպես էլ չի գտնվում, քանի որ «նոր» Հայաստանում, առհասարակ, աշխատող դիվանագիտություն ու դիվանագետ չկա. ինչպես թրքասեր Միրզոյան Արարատն, այնպես էլ նրա աշխատող Մակունց Լիլիթը դիվանագիտությունից մղոններով հեռու գտնվող առանձնյակներ են, և հիմարություն կլիներ կարծելը, թե ասենք սեփական գործելաոճով ամերիկահայ սփյուռքին պառակտել, ջլատել փորձող Մակունցը կարող էր որևիցե հայանպաստ արդյունքի հասնել մի երկրում, որն ի սկզբանե դրական վերաբերմունք է ունեցել հայերիս նկատմամբ: ԱՄՆ-ում հայկական լոբբին վերջին տարիներին բավական թուլացել է, ինչն առաջին հերթին հետևանք է իշխանությունների կողմից վարվող նպատակային քաղաքականության՝ պառակտելու, թուլացնելու սփյուռքը (Սինանյան Զարեհը՝ վկա):Միակ բանը, որ սրանք անում են, թուրքերին պարբերաբար սեփական ատամնաշարի կառուցվածքն ի ցույց դնելն ու դրանով սահմանափակվելն է՝ հենց դա համարելով իրենց արևմտամետության հիմնական առհավատչյա: Այնինչ ո՛չ արևմտամետ են, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ, ամենակարևորը, հայամետ: Եթե լինեին, ապա Հայաստանն այսօր միջազգային ասպարեզում «որբի գլուխ» չէր լինի, որ ով ինչպես կամենար, խուզեր:
ԱՄՆ կողմից Հայաստանին փաստացի անուշադրության մատնելը հետևանք է ամերիկյան ուղղությամբ թույլ տրված այն թերացումների, որոնք զրոյացնում են երկկողմ հարաբերությունների ողջ պոտենցիալը, իսկ Սփյուռքին վերջին չորս տարվա ընթացքում հասցված վնասն ուղղակի տիտանական է՝ Սփյուռք, որից հավաքված փողերը պարբերաբար անէանում են, Սփյուռք, որին այդպես էլ թիկունք չկանգնեց հայրենիքն ու չհամախմբեց՝ դրսի հայերին արհեստականորեն օտարելով Հայաստանից:
Ասում են՝ ժամանակակից աշխարհում, երբ, ըստ էության, մեռնում է միաբևեռ աշխարհը, կոմպլեմենտարիզմն այլևս տեղ չի ունենալու: Գուցե շատ երկրների պարագայում ամեն բան հենց այդպես է: Սակայն արդյոք Հայաստանի պարագայում է՞լ է այդպես՝ նկատի ունենալով հայերիս ցանցային ժողովուրդ լիելու հանգամանքը: Խելացի քաղաքականության, համակարգված մոտեցման պարագայում, վստահաբար, Հայաստանի առաջ իր ամբողջ սրությամբ չի կարող կանգնել սևի ու սպիտակի ընտրության հարց:
Միանշանակ է, որ Արևմուտքի հետ երկխոսություն վարելու լավագույն պատուհանը Սփյուռքն է, որն ամեն կերպ ջանում են փակել ներկայիս իշխանությունները՝ Հայաստանը կանգեցնելով անխուսափելի աղետի շեմին:
Այս նյութը դիտել են - 1982 անգամ