Հարգելի՛ ԶԼՄ-ներ , գնացե՛ք դատարան2022-04-05 14:02:00
Արցախը ազատագրած հերոսին անվասայլակում նկարահանելը՝ ԶԼՄ-ների միակ մոտիվացիան էր՝ լուսաբանելու զորավար Մանվել Գրիգորյանի դատը:
Հրավիրում եմ բոլոր ԶԼՄ-ների ուշադրությունը. Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի դատավարությունը հետմահու դեռ շարունակվում է, իսկ դուք այն չեք լուսաբանում:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպես են վերցվում վկայություններն ու ցուցմունքները Հայաստանում, հատկապես նման քաղաքականացված ու պատվիրված գործերում: Դատարանի դահլիճում գործով վկաներն ազդարարում են քննիչների ու դատախազների կողմից կամայականությունների մասին, մասնավորապես՝ վկաների գրավոր ցուցմունքներն ու վկայությունները բացարձակապես չեն համապատասխանում իրենց բառերին:
Սա փաստում է՝ այս դատական գործում՝ Արցախը հանձնած իշխանության կողմից Արցախն ազատագրած հերոսի նկատմամբ քաղաքական պատվերի առկայության մասին, անգամ հետմահու: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատարանի դահլիճում հնչող բոլոր այս խոստովանություններն ու հայտարարությունները բնականաբար անտեսում է և կոծկվում ինֆորմացիոն դաշտում՝ ԶԼՄ-ների բացակայության պատճառով:
Փաստացի դատավորն ու դատախազները գործընթացը միտումնավոր կազմակերպում են այնպես, որ դատարանը կարևոր վկաներին, ինչպես նաև գործը քանդող փաստերին անդրադառնա այն նիստերին, որտեղ բացակայում են այս ամենը հանրությանը լուսաբանելու ընդունակ ԶԼՄ-ները:
Հարգելի ԶԼՄ-ներ, երբ դուք ընտրովի, կամ հատուկենտ նիստերի եք ներկա գտնվում, Դուք դրանով նպաստում եք դատական գործընթացի կողմնակալ ընթացքին: Քանի դեռ դուք ներկա չեք դատարանի դահլիճում, արդարության ձայնը ամբողջովին լռեցված է:
Այսպիսի գործելաոճով՝ Դուք՝ Ձեր անգործությամբ և անտարբերությամբ, կամա թե ակամա սպասարկում եք այս դավադիր իշխանությունների ազգադավ նպատակներին:
Այս նյութը դիտել են - 1898 անգամ