Թե ասա, Պուտին կամ դու, Բայդեն պապիկ, ձեզնից ի՞նչ է գնում, որ չեք օգտվում մեր վերլուծաբանների ծառայություններից2022-04-06 02:38:00
Աշխարհում ամեն օր մի տասը միլիոն քաղաքական վերլուծաբան ու մեկնաբան է քնում-արթանանում ֆեյսբուք-համացանցերում ու բոլորն էլ՝ մեկը մեկից արհեստավարժ մասնագետներ: Եվ բոլորն էլ՝ հայեր: Ուրիշ ազգերից էլ են հատուկենտ պատահում, բայց դե, մերոնց հո չե՞ն կարող հասնել. մերոնք ուրի՜շ են, ուրի՜շ...
Ամեն օր պարտադիր վերլուծական ամփոփագիր են հրապարակում, կատակ բան չհամարեք՝ ամե՛ն օր ու ամենաբարձր մակարդակով գրված: Բայց շա՜տ ափսոս, որ նրանց տեղը աշխարհը չի իմանում, թե չէ աշխարհի ամենահայտնի քաղաքական մեկնաբանները շուտվանից հացից զրկվել էին:
Եվ այնպես լուրջ-լուրջ են կպնում իրենց գործին, կարծես առանց իրենց հեղինակավոր կարծիքների համաշխարհային քաղաքական գործընթացները դադարելու են, Պուտինն ու Բայդենն էլ րոպե առ րոպե սպասում են, թե երբ պիտի մերոնց գործերում կարդան իրենց գլխին գալիքի մասին: Ոչ մի քաղաքական գործչի, ոչ մի երկիր չեն անտեսում: Նրանց մի մասը ամեն օր հազարավոր Ամերիկա, Ռուսաստան ու Թուրքիա է քանդում ու փլուզում, մի մասն էլ ամեն օր վերաշինում ու հզորացնում է այս նույն երկրները, մի մասը երկրներ է իրար բախում, մյուսները քափ ու քրտինք մտած հաշտեցնում են:
Հա՛, երկիր ասացի, հիշեցի: Մեր երկրի մասին ո՜նց են ճարտասանում: Ի՜նչ լավ է, որ գոնե նրանց մեծ մասը հայերեն է գրում, օտարները չեն կարող կարդալ ու տեղեկանալ միջազգային քաղաքականության հետագայի մասին գիտական կանխատեսումներից: Իսկ վերլուծականներում պատերազմը հաղթելը մեկից մեկ է, Կուր-Արաքսի եռանկյունը գրավում են ու Բաքուն էլ՝ մեծահոգաբար թալիշներին ու թաթերին թողնում:
Եթե ասեմ, որ քաղաքական պոռոտախոսությունը համացանցի հետ մեզանում ի հայտ եկավ, ճիշտ չի լինի: Պարզապես խոհանոցներից, բակային տաղավարներից ու այգիներից սահուն կերպով տեղափոխվեց համացանց, այդ թվում՝ ֆեյսբուք: Այստեղ կարծես այնքա՜ն լավ է զգում, որ ավելի է փարթամացել ու ծաղկել: Բայց շա՜տ եմ ափսոսում, որ հազարավոր նման հզոր մտքեր ու գաղափարներ են կորչում: Թե ասա, Պուտին կամ դու, Բայդեն պապիկ, ձեզնից ի՞նչ է գնում, որ չեք օգտվում մեր վերլուծաբանների ծառայություններից: Ախր, անվճար էլ է, մի բան էլ հեղինակներն իրենք են կապի-հեռախոսի համար վճարում, թանկագին ժամանակի կորստի մասին՝ է՛լ չասած...
Այս նյութը դիտել են - 1472 անգամ