Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան խայտառակությունը2022-04-07 13:12:00
Մեկնաբանելով Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյուքնները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում մեծապես ողջունել է այդ հանդիպման արդյունքներն ու դրանք որակել՝ Բաքվի շահերից բխող:
Նույն հայտարարությունում ասվում է, որ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներին սկսել աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վրա:
Սա՝ Ադրբեջանը:
Իսկ ի՞նչ է ասում Հայաստանը:
Կամա-ակամա Հայաստանի ձայնը դարձած Նիկոլ Փաշինյանն, ամփոփելով եվրոպական հանդիպումն, աշխարհին ու Հայաստանին հերթական անգամ «ավետել է» սեփական կյանքի ու գործունեության հիմնական նպատակից չշեղվելու հաստատակամության մասին՝ տառացիորեն ասելով.«Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը և պիտի առավելագույնն անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Կրկնում եմ՝ դա միայն մեզնից չէ կախված, բայց մենք մեր աշխատանքի մասը պետք է հետևողականորեն իրագործենք»:
Իսկ ի՞նչ են պայմանավորվել հակամարտող կողմերն եվրոպական միջնորդությամբ անցկացված բանակցություններում:
Եթե կարճ, ապա կարելի է ասել, որ պայմանավորվել են մեկ բանի մասին՝ համատեղ ջանքերով առաջ տանել Բաքվի օրակարգն ու հավերժորեն թաղել Արցախի հարցը, որի հիմնական էությունն, ինչպես հայտնի է, կայանում է Ադրբեջանի կազմից դուրս գտնվող Արցախի տեսլականում: Սա է պայքարի ակունքն ու բուն նպատակը, մնացածը ջուրծեծոցի է:
Ուշագրավն այն է, որ համապատասխան հայտարարության մեջ ոչ մի խոսք չի եղել ո՛չ Արցախի կարգավիճակի մասին, ո՛չ Ադրբեջանի լկտիությունների, ո՛չ էլ, թերևս, էական կարևորություն է տրվել հայ ռազմագերիների տունդարձի խնդրին: Այս «ոչ»-երի շարքը կարելի է շարունակել անվերջ:
Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, շարժվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության միարժեք ճանաչման ուղով՝ չհամարձակվելով արծարծել Արցախի ու արցախցիների ապագայի, անվտանգության հարցերը:
Մի պարագայում, երբ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման միտված քաղաքականություն՝ ձգտելով Արցախն արժանացնել Նախիջևանի ճակատագրին, խոսել ասենք համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծելու, դեմարկացիայի ու դելիմիացիայի և նմանօրինակ անիմաստ հարցերի մասին ուղղակի հայրենադավություն է:
Միակ օրակարգը, որ Փաշինյանը պետք է համաձայներ քննարկել առաջնահերթ կարգով, արցախահայության ճակատագրի խնդիրը պետք է լիներ, ինչն, ըստ էության, չի արվել: Իսկ թե ինչո՞ւ չի արվել, դժվար չէ կռահել: Նիկոլը ո՛չ դրա ժամանակն ունի, ո՛չ էլ հավեսը, ո՛չ էլ, առավել ևս, նպատակահարմարությունը: Նա մտել է գերազանցիկ աշակերտի կերպարի մեջ, որի ուսուցչի դերում հանդես է գալիս Իլհամ Ալիևը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանն, ապա նրանց համար Նիկոլն ուղղակի նվեր է՝ բանտիկը վրան կապած՝ նվեր, որի դիմաց Նիկոլը մեկ ակնկալիք ունի միայն սեփական իշխանության հարատևությունը:
Այս նյութը դիտել են - 2193 անգամ