Շնորհավորում եմ Ապրիլի 7-ը, ցանկանում` այս տոնը ավետիս դառնա և խաղաղ ապրելու երաշխիք. Նատաշա Պողոսյան2022-04-07 15:44:00
Երբ բախվում ենք մեր օրերի իրականությանը, որտեղ վերքոտված է Մայրությունը, Ապրիլի 7-ի տոն օրվա մեջ հարատև ապրելու կարոտ ենք զգում, որ այն օծված լինի երջանիկ մայրությամբ, գեղեցիկը վայելելու անափ ձգտումով...
Այդ տոնական օրը բերկրանք ունի իր մեջ, անսահման մեծ սեր, կյանքի զարթոնք, ապրելու, արարելու, արժևորված լինելու գերագույն զգացողություն...
Ապրիլի 7-ը նաև Ավետման տոն է` որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օր։ Մարիամի մայրանալով` մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել` որպես աստվածային հրաշք։
Ավետման օրվա խորհրդով ցանկանանք բոլոր երեխաներին հանգիստ և ապահով կյանք իրենց մայրիկների գրկում և ձգտենք Աստվածամոր նման մեր մեջ կրել ամենայն աստվածայինը` բարություն, ազնվություն, սեր, անսահման զորություն և առաքինի ամեն ինչ:
Ավետման տոնը նաև մեզ հիշեցնում է այն մանուկներին, ովքեր զրկված են մայրական խնամքից և մեծանում են` փայփայելով ընտանիք ունենալու միակ երազանքը: Հիշվում են այն մանուկների մասին, ովքեր զրկվում են լույս աշխարհ գալուց` կախված իրենց ծնողների նախընտրություններից: Այդ տոն օրն առանձնահատուկ մեզ հիշեցնում է նաև այն անպաշտպան մայրերի մասին, ովքեր լռությամբ կրում են կյանքի դժվարությունները, նույնիսկ ենթարկվում բռնությունների: Հիշվում են այն բոլոր մայրերը, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին...
Շնորհավորում եմ Ապրիլի 7-ը, ցանկանում` այս տոնը ավետիս դառնա և խաղաղ ապրելու երաշխիք, որ լռվեն աշխարհի զենքերը, մայրությունը ժպտա, ցնծա մանկությունը, զգանք գեղեցկության հմայքը, լցվենք կյանքի սիրով...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 3060 անգամ