Եվ սա Հայաստա՞նն է
2022-04-08 12:32:00
Հայաստանի ուղիղ կենտրոնում պղծվել է Արցախի այն դրոշը, որ վեր էր խոյացվել ընդդիմության հանրահավաքին՝ ի նշան արցախյան անմար պայքարի ու հայոց երկրորդ պետականության հավերժության:
Ուշագրավն այստեղ այն է, որ դրոշի փաստացի պղծումը տեղի է ունեցել «Սասնա ծռեր» կոչվող քաղաքական ուժի համակիրների կամ անդամների կողմից: Միաժամանակ ոչ պակաս ուշագրավ է ստացվել ինքն իրեն որպես ընդդիմադիր մատուցող, ինքն իրեն որպես մեծ Հայաստանի համար պայքարող ուժ ներկայացնող այս սուբյեկտի «բացատրագիրը»՝ տեղի ունեցածի հետ կապված: Մասնավորապես՝ դրանում ասվում է, որ նման քայլի գնացել են ի նշան Արցախի ու Հայաստանի միասնականության: ԱՀ դրոշը ծռերը մեկնաբանել են որպես Արցախը մայր Հայաստանից բաժանող խորհրդանիշ:
Տեղի ունեցածն, իհարկե, աղետ է՝ բոլոր իմաստներով, բայց առաջին հերթին այն պատճառով, որ նման հայացքներ ունեցող քաղաքական ուժն իրավունք է ստացել ոչ միայն քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանում, որի սկզբնավորումն եղավ արցախյան պայքարով, այլև ինք զինք ներկայացնել որպես թունդ հայրենասեր՝ հայրենասիրության քողի ներքո թշնամանք սերմանելով Հայաստանի դաշնակիցների նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հեռևանքներով:
Արժե՞, արդյոք, խորքային վերլուծության ենթարկել կատարվածը՝ հաշվի առնելով այն, որ սրանով, ըստ էության, ջրի երես է դուրս գալիս ոմանց ողջ գարշանքը:
Հավանաբար՝ ոչ:
Միայն թե հարցն այստեղ այլ հարթության մեջ է՝ ինչո՞ւ և ինչպե՞ս դա հնարավոր դարձավ Հայաստանում: Սա կարող էր տեղի ունենալ, ասենք՝ Թուրքիայում, Ադրբեջանում կամ, ծայրահեղ դեպքում, որևէ օտար երկրում, որտեղ հզոր ազդեցություն ունի ասենք թուրք-ազերիական տանդեմը: Բայց Հայաստանո՞ւմ: Սա իսկապես անհավատալի է՝ անկախ այն բանից, թե ովքեր են նման ոտնձգոթյուն կատարում և ինչ պատճառաբանությամբ: Ընդ որում՝ այս պարագայում պատասխանատվությունը հավասարապես կիսում են առաջին հերթին իշխանությունները, որոնց օրոք է, որ նույն ծռերը շարունակաբար թրփոշանում են ու գրանտակերությամբ հարստանում՝ դառնալով գաղտնի գործիքակազմ ոմանց ձեռքերում: Եթե Հայաստանում կա գոնե նամուս ու թասիբ՝ չբացառելով օրենքն, ապա հայատյաց այդ ակցիայի հեղինակները պետք է անմիջապես հայտնաբերվեն ու դատապարտվեն, իսկ դրանց ներշնչողներն էլ՝ իզգոյացվեն:
Բայց արդյոք դա հնարավո՞ր է այս իշխանությունների ու նրանց հովանու տակ հանդես եկող իրավապահ համակարգի օրոք:
Հույսը վերջում է մեռնում:
Այս նյութը դիտել են - 1622 անգամ