Հակահայկական օրակարգ՝ բացահայտ կերպով
2022-04-14 14:02:00
 Հայաստանն ամբողջությամբ հայտնվել է թուրքական գծի մեջ: Չկա գեթ մեկ խորհրդարանական շաբաթ, չկա խորհրդարանի գեթ մեկ նիստ, որտեղ արհեստականորեն չի բարձրացվում «խաղաղության օրակարգ» ասված արհավիրքն ու դրվում քննարկման: Ընդ որում՝ այդ օրակարգը ներկայացվում է որպես անայլընտրանքային:
Գաղափարն ինքնին աբսուրդային է, իհարկե, և հենց այդ պատճառով է, որ իշխանությունները կարիք են զգում բանախոսների, որոնք հնարավորինս համոզիչ կերպով հասարակությանը կբացատրեն պահի ողջ լրջությունը:
Նման բանախոսներից է Վիգեն Խաչատրյանը՝ մի հին ՀՀՇ-ական, որն իր երկարուձիգ քաղաքական կարիերայի ընթացքում մեկ անգամ չէ, որ ճամբարափոխ է եղել:
Վիգեն Խաչատրյանի արժեքն այսօր հանրության համար թերևս կայանում է նրանում, որ սա իր հաճախակի ելույթներում մինչև վերջ բացահայտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության բոլոր հայադավ նպատակները:
Օրինակ՝ հայտարարել է, որ իրենց ամբողջ նպատակը Ղարաբաղը թուրքերին տալու միջոցով այն հայկական պահելն է՝ այսկերպ հիմնավորելով այն վարքագիծը, որ դրսևորել են իշխանություններն ի սկզբանե: Վիգեն Խաչատրյանն, ըստ էության, նաև կոչ է արել դասեր քաղել ադրբեջանահայության ջարդերից ու ազերիների հետ սեղան նստել:
Խաչատչյանի կոչերը մեկը մեկին համընկնում են ադրբեջանական ղեկավարության կոչերի հետ: Ալիևն էլ իր ելույթներից մեկում կոչ էր արել Հայաստանին դասեր քաղել վերջին պատերազմից ու խաղաղություն կնքել Բաքվի հետ: Հիմա Խաչատրյանը նույն բանն է ասում՝ ուրիշ բառուբանով:
Ինչպիսի՞ն է պատկերացնում Վիգեն Խաչատրյանը «դասեր քաղել» ասվածը:
Դասեր քաղելու կոչ է հնչեցնում մեկն, ով ակնհայտորեն ոչ մի դաս չի քաղել արցախյան վերջին պատերազմից: Իսկ այդ դասը մեկն է՝ թուրքը հայի գոյությունը չի հանդուրժում: Հայկական ջարդերը, որոնք էլ սկիզբ դրեցին արցախյան շարժմանը, հետևանք էին հայերի միամտության: Միայն միամիտը կարող է վստահել թուրքին ու ապագա կառուցել թրքական միջավայրում: Այնինչ այսօրվա իշխանությունները կոչ են անում ապագա կառուցել հենց այդպիսի միջավայրում՝ խոստանալով տնտեսական զարգացում, ճոխ կյանք ու անհոգ ծերություն: Այնինչ ստացվելու է ճիշտ հակառակը:
Բայց վիգեն խաչատրյանները, մարիակարապետյաններն ու նիկոլփաշինյանները խորապես թքած ունեն նմանօրինակ տրիվիալ ճշմարտությունների վրա: Նրանք սպասարկում են իրենց այսրոպեական շահերն ու լուծում սեփական իշխանության երկարաձգման հարցը: Արցախն էլ կտան, տո կասկադի սրճարաններն էլ՝ հետը, միայն թե բյուջեի հաշվին հարստանան ու ինքնակայանան: Օրինակ՝ Վիգեն Խաչատյանի ինչի՞ն է Հայաստանի ապագան. պրծած մարդ է:
Այս նյութը դիտել են - 1771 անգամ