Մարտի 1-ին չպետք է բարձրանան կուսակցական դրոշներ. ..
2016-02-19 12:09:00

 
Այսօր Երեւանի Ազատության հրապարակում մամուլի ասուլիս էին հրավիրել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը եւ Գարեգին Չուգասզյանը։

Հմայակ Հովհաննիսյանը հիմնականում անդրադարձավ 2008թ. Մարտի 1-ի իրադարձություններին՝ հիշեցնելով, որ գործող վարչախումբն ամեն ինչ արել է, որ մեղավորները չպատժվեն։

«Մենք շատ կուզենայինք, որ Մարտի 1-ը դառնա հիշատակի օր, բայց մեղավորները չեն պատժվել»,- հայտարարեց նա։

Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանին իշխանությունները գրավի դիմաց ազատ չարձակեցին, քանի որ դատարանները, ողջ իրավապահ համակարգը ծառայում են գործող ռեժիմին։

Գարեգին Չուգասզյանն էլ հայտարարեց, որ Մարտի 1-ի հավաք-երթը անցնելու է «Ոչ բռնակալությանը» կարգախոսի ներքո։ Գարեգին Չուգասզյանն անդրադարձ կատարեց նաեւ աշխարհաքաղաքական իրադարձություններին՝ նշելով, որ Հայաստանի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ։ Նա հիշեցրեց, որ փետրվարի 15-ին առաջին գնացքը Չինաստանից հասավ Թեհրան։ Ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, ապա նա կարծիք հայտնեց, որ գերտերություններն այդ հարցում գտել էին ընդհանուր շահեր։ Գարեգին Չուգասզյանն ասաց, որ հայկական գործոնը պահանջված է լինելու, եւ որ Հայաստանի ու հայության առջեւ բացվում են նոր հնարավորություններ։ Չուգասզյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բանակցություններ են ընթացել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելու համար։ Նա ցավ հայտնեց, որ այսօր չունենք ազգային շահերը ներկայացնող իշխանություններ, որոնք գիտակցեն, թե ինչ պատասխանատվություն է պահանջվում նման հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս։ Գարեգին Չուգասզյանը հիշեցրեց, որ Հայաստանում շարունակվում է պոստսովետական երկրներին բնորոշ վիճակը, եւ այն ուժերը, որոնք ռեւանշ են վերցրել, ուզում են Հայաստանում ստեղծել խանություն։ Նա ասաց, որ «Գլենդել հիլզ» կոչվող թաղամասը ստեղծվել է պարսկական «Սարդար» թաղամասում, եւ նույնիսկ ճարտարապետությունից երեւում է, թե իրենք ինչ ապագա են պատկերացնում Հայաստանի համար։

Վերադառնալով Մարտի 1-ի թեմային՝ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ Մարտի 1-ին պետք է կայանա բոլոր ընդդիմադիր ուժերի երթը, եւ չպետք է այդ օրը ծածանվեն կուսակցական դրոշներ։

Գարեգին Չուգասզյանն ու Հմայակ Հովհաննիսյանը նշեցին, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանդիպումներ է ունենում ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ. նախատեսվում են հանդիպումներ Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Գերմանիայի, Իտալիայի, Եվրամիության դեսպանների հետ, որպեսզի ներկայացնեն մեր ժողովրդի ակնկալիքները։

«Նոր Հայաստան»-ի հաջորդ մամուլի ասուլիսը Երեւանի Ազատության հրապարակում նախատեսված է փետրվարի 25-ին, ժամը 17.00-ին։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1245 անգամ