Ոստիկանությո՞ւն, թե՞ բուտաֆորիա
2022-04-16 21:06:00
Հայաստանում ապրիլի 16-ը որպես ՀՀ ոստիկանության ծառայողի օր է հռաչկված: Այդ օրն ընդունված է ոստիկաններին շնորհավորական ուղերձներ հղել, մեծարել նրանց գործն ու շեշտադրել պետության կյանքում կառույցի ունեցած բացառիկ դերի կարևորությունը:
Բայց արդյոք այդ ամենն այսօրվա իրականության պայմաններում բուտաֆորիա չէ՞: 
Եթե անկեղծ, ապա հայաստանյան ոստիկանությունն այս տասնամյակներին երբևէ չի վայելել ժողովրդի իրական վստահությունը: Այդ անվստահությունն է՛լ ավելի խորացավ թերևս Վովայի պաշտոնավարման շրջանում և մինչև այսօր ոչ միայն մնում է չհաղթահարված, այլև հաստատվում է այն ժողովրդական ասույթի ճշմարտացիությունը, համաձայն որի՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում:
Նիկոլ Փաշինյանը Գյումրիից ոստիկաններին հղած շնորհավորանքի խոսքում գոհունակություն է արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ Ոստիկանության օրը նշում են նորամուծությամբ: Շիրակի և Լոռու մարզերում իրենց աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը: «Սա նոր և թարմ շունչ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր աշխատանքի որակը»,- հայտարարել է վարչապետը:
Վարչապետն իրականում չափազանցնում է, քանի որ Պարեկային ոստիկանության աշխատանքը չի կարող որակական փոփոխություն մտցնել նույն քաղաքացի-Ոստիկանություն հարաբերություներում: Համոզվելու համար թող վերցնեն երևանյան վիճակագրությունն ու տեսնեն, որ Պարեկային ոստիկանության ներդրումն ընդամենը գեղեցիկ դեկորացիա է՝ փաթեթավորված ժողովրդավարության մասին լոլոներով: Իրականում Ոստիկանության ու քաղաքացիների միջև գոյություն ունեցող անդունդը խորանում է և խորանում է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով. քաղբանտարկյալներ, հալածվող ցուցարարներ, ազատ խոսք հնչեցնելու պատճառով մարդկանց գլխին սարքած հարյուրավոր քրեական գործեր՝ ահա ներկայիս Ոստիկանության իրական դեմքը: Այսինքն՝ Վովան փառք էր:
«Նոր» Հայաստանը ձախողել է ամեն ինչ ու հատկապես հեղափոխության քաղցրահունչ լոզունգների կյանքի կոչումը: Խոստացվում էր մարդկային դեմք ունեցող ոստիկանություն, այնինչ ստացել ենք ճիշտ հակառակը՝ Ոստիկանություն, որի պահպանման օբյեկտը գեթ մեկն է ՝ Նիկոլ վովայի Փաշինյանը, ավելի ճիշտ՝ վերջինիս աթոռը:
Այս նյութը դիտել են - 1320 անգամ