Երասխը հանձնո՞ւմ են...
2022-04-18 11:22:00
Սոցցանցերում բավական լայն տարածում է ստացել Երասխում հեռացված հայկական պետական դրոշի լուսանկարը, որն օգտատերերի կողմից գնահատվել է որպես հողերի հանձնման հերթական ֆազայի նշան:
Դժվար է, իհարկե, կոնկրետ այդ հանգամանքը միանշանակորեն գնահատել որպես տեսանելի ապագայում կատարվելիք զիջման նշան, սակայն այն, որ վտանգն իրական է, կասկած չկա այլևս: Մասնավորապես՝ վերահաս պատերազմի մասին խոսակցությունները, որոնց արժանահավատությունը դժվար է կասկածի տակ դնել, ըստ որոշ գնահատկանների, արվում են՝ հասարակությանը զիջումերի նախապատրաստելու համար, և այդ զիջումների շարքին է դասվում նաև Երասխի հատվածում առնվազը որոշ տերիտորիաներ, եթե ողջ ամբողջ Երասխը: Խոսվում է Վեդիի մասին, Քյարքիի և այլն: 
Ուշագրավ է, որ վերջերս Փաշինյանը խոսել էր Երասխում հայ-ադրբեջանական դիրքերի հայելային հետքաշման մասին՝ դա ներկայացնելով որպես հնարավոր բախումներից խուսափելու, սրացումները բացառելու ճանապարհ: Թե ինչի կարող է հանգեցնել այդ քայլը, ցույց տվեցին Փարուխի դեպքերն, երբ հայկական զորքերի հետքաշմանը հետևել էր ոչ թե ազերիների հետքայլն, այլ եկել-զավթել էին տերիտորիան, Քարագլուխն էլ՝ հետը:
Հիմա նույն սցենա՞րն է նախապատրաստվում, թե՞ սա ինչ-որ ադմինիսրատիվ բացթողում է, կամ՝ ասենք, ոճային փոփոխություն: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ սա փաստացի տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի նախօրեին:
Անկախ ամեն ինչից՝ անհերքելի է, որ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը դեռևս լիարժեքորեն ավարտված չէ: Թե որոնք են հետագա քայլերը, կամ այդ քայլերն ինչ փոփոխության կարող են ենթարկվել՝ միջազգային իրավիճակով պայմանավորված, ցույց կտա ապագան: Մնում է միայն հուսալ, որ ընդդիմադիր դաշտի ակտիվացումը կօգնի՝ կանխարգելելու վերահաս զիջումներն, իսկ եթե, այնուամենյանիվ, անխուսափելի է մեծ պատերազմն, ապա նույն այդ շարժումը կօգնի օրախնդիր դարձած իշխանափոխությանը՝ պարտությունը բացառելու համար:
Այս նյութը դիտել են - 4079 անգամ