Արցախցիների ճակատագրի հետ խաղալ, նշանակում է` մեր հոգուց պոկել հավատը մեր, թույլ տալ մի նոր ոճիր...2022-04-19 00:57:00
Խորհրդային տարիներին, երբ Ադրբեջանի կազմում էինք, Արցախում հայկական եկեղեցիները չէին գործում, եղածն էլ ավերված էին։ Մի անգամ ուստարվա վերջին գնացինք Հայաստան` էքսկուրսիայի։ Մենք եղանք Էջմիածնի եկեղեցում։ Նկատեցի, որ երբ համադասարանցիներս դուրս եկան եկեղեցուց, մեր ուսուցչուհին ծնկի եկավ Քրիստոսի սրբապատկերի առջև ու կամաց ինչ-որ խոսքեր էր մրմնջում, որոնք ինձ լսելի չէին։ Բայց ես զարմացած էի, որ նա արտասվում էր նաև։ Երբ ոտքի կանգնեց, հանկարծ նկատեց ինձ։ Արցունքները սրբելով` մոտեցավ ու խնդրեց, որ աշակերտների մոտ չասեմ, որ իրեն տեսել եմ ծնկի եկած աղոթելիս, առավելապես` արտասվելիս։ Ես խոստմանս հավատարիմ մնացի, բայց հարցրի նրան, թե ինչու էր լացում։ Կարճ ասաց, որ սիրտը լցված էր...
Թե ինչու էր մեր ուսուցչուհու սիրտը լցված, չհասկացա, բայց սիրտս լցված եկա Հայաստանից, թե ինչու մեզ մոտ եկեղեցիներ չկան, որ մենք էլ գոնե մեր սիրտը լցված ժամանակ մտնենք սրբատեղի...
Տարիներ անց` ուսանողական տարիներին, աթեիզմ էինք անցնում, որով ժխտվում էր քրիստոնեական դարավոր հավատը։ Նրանց համար մենք անհավատ էինք, երբ մուսուլմանական երկրին բռնակցված Ղարաբաղի հայերի համար քրիստոնեական հավատ չկար, գործող հայկական եկեղեցիներ չկային...
Ազատության, անկախության համար պայքարող արցախցիների սիրտը լցված մնաց պատերազմներով, կորուստներով, այս օրերին առավել շատ` Հայաստանի իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանին բռնակցելու չար մտադրությամբ։
Արցախցիների ճակատագրի հետ խաղալ, նշանակում է` մեր հոգուց պոկել հավատը մեր, թույլ տալ մի նոր ոճիր, որ պիտի սկսվի մեր զարթոնքից հետո Արցախում վերականգնված հայկական եկեղեցիների բնաջնջումից...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1227 անգամ