Գուրգեն Արսենյանը բացահայտե՞լ է գաղտնի գործարքը2022-04-19 11:19:00
Վերջերս Հ1-ում հյուրընկալված ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը, որ համարվում է ՔՊ-ի ամենաօդիոզ դեմքերից մեկը, բավական ուշագրավ խոստովանություն էր կատարել. կամա-ակամա բացահայտել էր իրենց կողմից ամեն գնով Հայաստանում «խաղաղության օրակարգի» առաջխաղացման նպատակը: «Ադրբեջանի պարտությունը նաև առիթ դարձավ Ադրբեջանում իշխանափոխության: Հիմա Ադրբեջանում կան ուժեր, որոնք ձգտում են, որպեսզի նորից տեղի ունենա ինչ-որ մի պրոցես, որի արդյունքում իրենք կարողանան կա՛մ ավելացնել իրենց ազդեցությունը, կա՛մ հասնեն իշխանության այդ ճանապարհով: Հիմա դա մենք պետք է կարողանանք կառավարել»,-մասնավորապես՝ հայտարարել էր Արսենյանը՝ առաջ բերելով բազմաթիվ հարցեր, որոնք, հնարավոր է, իրենց մեջ պարունակում են շատ հարցերի պատասխաններ:
Արսենյանի խոսքերից կարելի է հետևություն անել, որ Ադրբեջանում կան որոշ ուժեր, որոնք նոր պատերազմի միջոցով ցանկանում են իշխանության գալ: Ըստ այդմ՝ հարց է առաջանում, թե որո՞նք են այն ուժերը, որոնք ունակ են դա անել: Արսենյանը կարծես թե ձեռնպահ էր մնացել հստակ անուններ տալուց՝ միաժամանակ նպատակ հետապնդելով այդպես վախեցնել նոր պատերազմի վտանգով:
Հայաստանյան ղեկավարությունը, խաղաղության օրակարգ քարոզելով ու հայ ժողովրդի ազգային շահերը ոտնահարելով, հատուկ ծառայություննե՞ր է մատուցում Իլհամ Ալիևին՝ մտահոգված լինելով Ալիևի քաղաքական ճակատագրով: Արսենյանը դա՞ է ակնարկում իր խոսքում: Եթե այո, ապա մենք իսկապես լրջագույն պրոբլեմի առաջ ենք, քանի որ անհասկանալի է, թե այդ դեպքում ո՞ր երկիրն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը կամ ո՞ր երկրի ընտրողների ներկայացուցիչն է Գուրգեն Արսենյանը:
Հետզհետե ջրի երես են դուրս գալիս փաստեր ու հնչում են խոստովանություններ, որոնք ապացուցում են Փաշինյան-Ալիև գաղտնի կապը: Փաստորեն՝ այդ կապի արդյունքում է, որ այսօր Արցախը կորսված է, իսկ արցախցիների ճակատագիրը՝ բոլորովին անհայտ:
Եվ ի՞նչ է մնում անել այսքանից հետո: Գնալ մինչև վերջ թերևս:
Այս նյութը դիտել են - 1851 անգամ