Զարեհ Սինանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ առաքելությամբ է այդ մարդը Հայաստանում
2022-04-21 11:21:00
Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցի ավարտին զուգահեռ հայտնի է դարձել, որ բացումից մեկ օր առաջ Սանկտ Պետերբուրգում չեղարկվել է «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Ջանքերը՝ հարթելու իրավիճակը, չեն պսակվել հաջողությամբ:
Ընդհանրապես, նմանատիպ միջադեպերը՝ հատկապես բարեկամ երկրներում տեղի ունեցող, անխուսափելիորեն առաջ են բերում բավական զգայուն հարցեր՝ կապված ոչ միայն տեղի հայ համայնքի ունեցած ազդեցության, վարկի հետ, այլև թերևս ՀՀ կառավարության գործադրած-չգործադրած ջանքերի՝ ամրապնդելու այս կամ այն երկրում հայկական ազդեցությունը: Ռուսաստանն, ինչպես և նույն Ամերիկան, պատահական երկրներ չեն, և թե՛ մեկում, թե՛ մյուսում ապրում ու արարում են միլիոնավոր հայեր, որոնց ընդհանուր թվային հանրագումարը գերազանցում է ՀՀ-ում բնակվողների թիվը:
Տեղի ունեցածն, անկասկած, ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ, փաստորեն, այն տեղի է ունենում Փաշինյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցին զուգահեռ, ինչը ստեղծում է որոշակի դիվանագիտական ազդանշանի տպավորություն՝ առնվազը նկատի ունենալով դիվանագիտական լեզվի առանձնահատկությունները: Իհարկե, միանշանակորեն տեղի ունեցածը գնահատել որպես ապտակ՝ Փաշինյանին, չի կարելի, բայց համարել պարզ զուգադիպություն՝ նույնպես դժար է:
Պետք է հույս հայտնել, որ կատարվածը չի արտահայտում ռուսական իշխանությունների իրական կեցվածքը հայ ժողովրդի ողբերգության ու դրա հիշատակի նկատմամբ, և հետագայում հնարավոր կլինի խուսափել նմանօրինակ տհաճ միջադեպերից:
Մյուս կողմից՝ կասկածից վեր է, որ միջադեպը տեղի չէր ունենա, եթե ՌԴ-ում թուլացած չլինեին հայկական համայնքի դիրքերը:
Ի դեպ՝ ԱՄՆ-ում նույնպես ամեն ինչ հարթ չէ և զգացվում է որոշակի անորոշություն: Սփյուռքը ջլատվում ու թուլանում է, և դա, ի դեպ, տեղի է ունենում մի իշխանության օրոք, որը «փայլում» է իր թրքասիրությամբ:
Սփյուռքի ուղղությամբ տարվող քաղաքականությունն այնքան գորշ է, որ նույն Զարեհ Սինանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ առաքելությամբ է այդ մարդը Հայաստանում, կամ ինչ օգուտ են տվել նրա աշխատողները Սփյուռքին: Թերևս պատահական չէ, որ նույն Սփյուռքի տարբեր հատվածներում Սինանյանի ու նրա ղեկավարության հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, ոչ միանշանակ է: Սփյուռքի հարցերով հանձակատարը կարծես հանձն է առել քայքայել Սփյուռքն՝ ի փառս, բնականաբար, Թուրքիայի. Ցեղասպանության նկատմամբ իշխանությունների կրավորական կեցվածքի բուն շահառուն Թուրքիան է:
Որքան երկար մնան այս իշխանություններն իրենց աթոռներին, այնքան Սփյուռքի ուժերն ու հնարավորությունները ջլատվելու են, իսկ դրսի հայկական համայքներն էլ՝ միայն ստավարանալու են՝ ի հաշիվ նոր թափ ստացած արտագաղթի: Միամտություն է հույս ունենալ, թե այս իշխանություններն ընդունակ են որևիցե ազգային օրակարգ սպասարկել:
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 1276 անգամ