Արդարության անխոնջ մարտիկը
2022-04-24 22:10:00
Այսօր, հայտնի բլոգեր, ամեն օր իր հեռուստադիտողին «մի տեղ բարի լույս, մի տեղ բարի երեկո» խոսքերով ողջունող հանրահայտ Վարդան Ղուկասյանի` «Դոգ»-ի ծննդյան օրն է:
Ղուկասյանն իրականում վտանգավոր, բայց շատ կարևոր առաքելություն է իրականացնում այսօր՝ ինքն իրեն ու ընտանիքին վտանգելու գնով բարձրաձայնելով ու շոշափելով խնդիրներ, որոնց մասին իմանալով անգամ՝ մարդիկ լռել են՝ վախենալով հետևանքներից կամ առհասարակ իրազեկված չեն եղել, թե ինչպիսի ստորություններ են տեղի ունեցել երկրի այս կամ այն պետական օղակում ընդդեմ քաղաքացիների: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, նույն ուժային կառույցներին, որոնք ոչ միշտ է, որ հավատարիմ են մնում իրենց բուն առաքելությանը՝ քաղաքացիակենտրոնությանը:
Վարդան Ղուկասյանը, գտնվելով Հայաստանից դուրս, սոցիալական ցանցերի ուղիղ եթերների միջոցով բարձրաձայնում է մարդկանց հուզող խնդիրները՝ փորձելով ուժերի ներածին չափով օգնել, օժանդակել: Ինքն էլ ժամանակին առիթ է ունեցել՝ սեփական մաշկի վրա զգալու իրավապահների անօրինականությունները:
Վարդան Ղուկասյանն ու ընտանիքը տուժել են տխրահռչակ Վլադիմիր Գասպարյանի կողմից ստեղծված բանդայի գործունեության հետանքով, հալածվել:
Այդ ուղիղ եթերներն օգնում են մարդկանց պաշտպանել սեփական իրավունքները, զերծ մնալ պետական մարմինների ոտնձգություններից, չարհամարհվել ու չանտեսվել, հասնել արդարության ու ճշմարտության հաղթանակին:
Իհարկե, Ղուկասյանի լսարանը միայն նրանք չեն, որոնք փորձում են նրա միջոցով հասնել իրենց հուզող խնդիրների լուծմանը: Նրան առաջին հերթին լսում ու դիտում են բոլոր նրանք, որոնց գործունեության արդյունքում էլ առաջանում են տուժողներ, խախտվում են մարդկանց իրավունքներն ու գործվում է անարդարություն: Նմանները սրտի ահով են հետևում Ղուկասյանի եթերներին՝ վախենալով առերեսվել իրենց չարագործություններին:
Վարդան Ղուկասյանը իսկապես այսօր շատ հանրահայտ է, և նրան ճանաչում են աշխարհի չորս ծագերում:
«USArmenianews.com »-ը շնորհավորում է հարգելի Վարդան Ղուկասյանին ծննդյան առթիվ, մաղթում առողջություն ու տոկունություն: Թող ոչ մի խոչընդոտ չլինի նրա ճանապարհին՝ շարունակելու այդքան կարևոր գործը՝ առաքելություն, որ ծնունդ է առել ցավից առ հայրենիք ու հայ: Հուսանք, որ մի օր մայր հայրենիքում կտիրի օրինականություն, անմեղ մարդիկ բանտերում չեն լինի, ու նրանց փոխարինելու կգան իրական մեղավորները: Իսկ նման բարձունքի հասնելու համար նախ պետք է ունենալ համապատասխան որակի ուժային կառույցներ, որոնք կղեկավարեն Վարդան Ղուկասյանի պես իրական պրոֆեսիոնալները՝ մարդ, որ հնարավորության դեպքում հաստատապես կարող է անճանաչելի դարձնել այդ համակարգերը:
Նա դա ապացուցել է:
Բարի, ուրախ տարեդարձ:
Այս նյութը դիտել են - 204665 անգամ