Չավուշօղլուն բացեց Նիկոլի խաղաքարտերը
2022-04-25 15:25:00
Աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունած ու դատապարտած Ուրուգվայում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի նացիստական կամ ազգայնական ժեստը, որով նա հղում էր կատարել «Գորշ գայլերին», հիրավի ուշագրավ է ոչ միայն այն պատճառով, որ ի ցույց է դնում թուրքական պետության իրական էությունն ու դավանած արժեքներն, այլև հատկապես հայ-թուրքական հաշտեցման կեղծ օրակարգի սպասարկման ֆոնին: Ո՞ւմ հետ է, ասենք, նույն Ռուբինյան Ռուբենը խաղաղության դարաշրջան կառուցում, կամ ի՞նչ հիմքերով է Նիկոլ Փաշինյանն իր ապրիլքսանչորսյան ուղերձում որպես ազգի հարատևության նախապայմաններից մեկը համարում Թուրքիայի հետ կարգավորվելիք հարաբերությունները:
Անշուշտ, Չավուշօղլուի ժեստի համար մեկ հացեատերը բնավ Նիկոլ Փաշինյանը չէր, այլ Սփյուռքն է՝ իր բոլոր համահայկական կառույցներով: 
Ավելին՝ Թուքիայի խնդիրն այսօր ոչ թե Հայաստանն է, որը գրավված է մնում ներքին թուրքերի կողմից, այլ հենց Սփյուռքը, որը հիմնական պահանջատերն է Ցեղասպանության ճանաչման ու շահառուն՝ այդ ճանաչումից բխելիք հետևանքների:
Լվանալով ձեռքերը Ցեղասպանության հարցից՝ Նիկոլ Փաշինյանը կրկնում է Չավուշօղլուի այլանդակ ժեստն՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին: Չավուշօղլուն թուրքական օրակարգը դրսում է առաջ տանում, սրանք՝ ներսում՝ Հայաստանում:
Հիմա, երբ ամեն քայլին իշխանությունները գովազդում են թուրքի հետ հորինածին եղբայրությունն ու լռեցնում հակառակ կարծիք ունեցողներին, հայ հասարակության համար անչափ կարևոր է գիտակցումն ու հստակ պատկերացումն այն մասին, թե ինչ քաղաքական կուրսի մեջ է դրել Թուրքիան Էրդողանը: Ազգայնականության մեջ խեղդվող, ֆաշիզմի գերի դարձած այդ երկրի իրական թիրախը մնում է Սփյուռքը, և Հայաստանի հետ «խաղաղության դարաշրջան» բացելու մասին լոլոների բուն նպատակը Սփյուռքին իր խնդիրների հետ միայնակ թողելն է, Հայաստանին թուլացնելն ու այն Ադրբեջանի ինքնավար մարզ դարձնելը: Այլ նպատակ Էրդողանի կառավարությունն ունենալ չի կարող:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամբողջությամբ սպառել է իրեն, և անգամ մեծագույն ցանկության դեպքում չի կարողանալու հասկանալի լեզվով բացատրել, թե այդ ինչպես է հնարավոր խաղաղություն ազգայնական ժեստով հայերին ծաղրող Չավուշօղլուի երկրի հետ:
Այս նյութը դիտել են - 1439 անգամ