Վովան՝ Նիկոլի թիրախում. ի՞նչ կլինի այս անգամ
2022-04-27 09:28:00
Վովայի գործերը վատ են ու դատելով ամենայնից՝ այս անգամ վիճակը բավական լուրջ է: Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր: 
Ինչպես նշվում է, հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:
Արշակ Հակոբյանին էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/: Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Վլադիմիր Գասպարյանի ու նրա մերձավոր մարդու շուրջ տեղի ունեցող այսօրինակ գործընթացը բավական հետաքրքիր երանգներ է ձեռք բերում հատկապես ներքաղաքական ներկայիս տուրբուլենտության պայմաններում, երբ, փաստորեն, փորձ է արվում երկրում իրականացնել իշխանափոխություն, իսկ այդ անել փորձող ուժերի առնվազը մի հատվածը մեծապես ասոցացվում է նախկին իշխանությունների հետ՝ իշխանություններ, որոնց ողնաշարն էր համարվում Վլադիմիր Գասպարյանը:
Սխալ կլինի պնդել, թե Գասպարյանն իրավապահների ուշադրության կենրոնում է հայտնվում միայն հիմա, քանի որ հեղափոխությունից եթե ոչ անմիջապես հետո, ապա գոնե դրանից ոչ շատ չանցած՝ հայտնվեցին նշաններ, որ Գասպարյանի նկատմամբ «նոր» Հայաստանի իրավապահներն այնքան էլ անտարբեր չեն: Ճիշտ է՝ դա որևիցե կերպ չանդրադարձավ նախկին ոստիկանապետի ճակատագրի վրա, և նա շարունակեց անպատիժ կերպով վայելել նախորդ տարիներին կուտակած իր անթիվ միլիոնները:
Դատելով տարածված հաղորդագրության բովանդակությունից՝ հիմա կարծես միանգամայն իրական է թվում Վովայի ճակատագրի մթագնումը: Ընդ որում՝ ոչ միայն նրա, այլև նրա հանցակցի՝ Վովայի Արշակի: Բայց միևնույնն է, պետք է առնվազը դյուրահավատ լինել՝ վերջնական պնդումներ անելու ու ասելու, թե պատիժն անխուսափելի է լինելու: Դեռ հարց է՝ կատարվողը Վովային ստվերային խաղեր տալուց հեռու պահելու միջո՞ց է՝ նկատի ունենալով նույն Երանոսյան Լյովայի լույս ընկնելը, թե՞ ասենք հասարակության վրա ճիշտ պահին ճիշտ տեղում ազդեցություն գործելու նախերգանք՝ նկատի ունենալով այն, որ նախկին թալանչիներից այսօր պրակտիկորեն ոչ մի պատժվող չկա:
Բոլոր դեպքերում մեծ է վտանգը, որ այս անգամ էլ բանը բանից չի անցնի ու Վովային կհաջողվի կրկին ճողոպրել՝ Նիկոլին տալով ուզածը:
Այս նյութը դիտել են - 1170 անգամ