Ի՞նչ փաստեց ողբերգական վրաերթը
2022-04-27 10:01:00
Հանրությանը հասանելի է դարձել Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսագրությունը, որտեղ հստակորեն երևում է, թե ինչպես է տեղի ունեցել հայ հանրությանը ցնցած ավտովթարն, երբ վարչապետի ավտոշարասյան առջևից ընթացող Ոստիկանության ամենագնացը վրաերթի էր ենթարկել Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար հղի Սոնա Մնացականյանին:
Մարդկանց հատկապես ցնցել է վրաերթի ենթարկվածի հանդեպ վրաերթ ենթարկողի ու, ինչու ոչ, Նիկոլ Փաշինյանի դրսևորած անտարբերությունը: Ոչ ոք մեքենան չի կանգնեցրել, օգնություն չի ցուցաբերել հղի կնոջն, իսկ ճանապարհային ոստիկանը կամ պարեկը, որին վերապահված էր երթևեկության կարգավորիչի դերը, չի կանխել իր կողքով փողոցը կտրող-անցնող կնոջ այդ քայլը, որ, փաստորեն, դարձավ ողբերգության պատճառ:
Անշուշտ, տեղի ունեցածը վկայում է հայկական իրականությանը բնորոշ ոչ լուսավոր իրողությունների մասին, որոնք պարուրել են երկիրը՝ վերից վար: Փաստացի գործ ունենք խորքային ճգնաժամի գործնական դրսևորման հետ: Դժվար թե նորմալ երկրում լիներ նման բան, դժվար թե նորմալ երկրում երթևեկություն կարգավորողն անուշադրության մատներ քաղաքացուն, իսկ վրաերթ իրականացնողներն էլ, անտարբերություն դրսևորելով, շարունակեին իրենց ճանապարհը:
Պատժվողներ, իհարկե կլինեն ու կան, բայց դա չի լուծելու կարևորագույն խնդիրը՝ ՀՀ պետական կառավարման համակարգին բնորոշ ճգնաժամը, իշխանություններին բնորոշ անտարբերության հարցը՝ դրսևորվող սեփական քաղաքացիների նկատմաբ: Հիմա մարդ բռնելու, ձերբակալելու փոխարեն ընդամենը հարկավոր էր ժամանակին դրսևորել պատշաճ վարք ու արագորեն առաջին օգնություն ցուցաբերել, ինչը չի արվել:
Ինչո՞ւ չի արվել, կամ ինչո՞ւ է այս ամենը տեղի ուենցել հենց ոստիկանի կամ պարեկի աչքի առաջ: Շատ պարզ պատճառով:
Նույն Ոստիկանության ու դրա ծառայողների ողջ ուշքնումիտքը Նիկոլ Փաշինյանին պատշաճորեն սպասարկելն է եղել ու է: Իրավապահների բանուգործի միակ անունը Նիկոլ է և վերջ, իսկ հասարակոթյունը, դրա առանձին անդամներն ու ողջ երկիրը կարող են սպասել կամ ուղղակի վարի գնալ, էական չէ:
Այս նյութը դիտել են - 1167 անգամ