Հայկ Կոնջոյանի անիմաստ առակը. թիրախում «Հայաստան» դաշինքն է2022-04-28 11:04:00
Իշխանությունները շարունակում են քարոզչական հնարքներ մոգոնել՝ «խաղաղության օրակարգը» հնարավորինս հանրայնորեն ընկալելի դարձնելու համար: Խոսելով հայ-թուրքական երկխոսության ու հարաբերությունների կարգավորման թեմաներով՝ Հայկ Կոնջոյանը հիշել է Առաջին հանրապետության դաշնակցական կառավարությանն ու մեջբերել Վրացյանի նամակը՝ թուրքերին, որում այն ժամանակվա վարչապետն առաջարկում էր կամուրջներ կառուցել Հայաստանի ու Թուրքիայի միջև՝ չնայած Ցեղասպանությանը:
Իհարկե, ակնհայտ է, թե ովքեր են հատկապես հայտնվել ՔՊ-ականների թիրախում. «Հայաստան» դաշինքն է ուշադրության կենտրոնում, որի մի մասն էլ, ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն է: Ուզում են ասել, թե դուք, որ մեղադրում եք մեզ թուրքերի հետ քիրվայության մեջ, առաջինը հենց դուք եք ձեռք մեկնել նրանց:
Մինչդեռ Կոնջոյանի «առակը» բացահայտում է այն ճշմարտությունը, որ իշխանություններն այդպես էլ չեն հասկացել, թե ինչի մեջ են մեղադրվում:
Քննադատելին այն չէ, որ իշխանությունները խոսում են խաղաղության մասին, այլ՝ այն, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը հասներ այս օրվան, ինչո՞ւ պետք է թուրքը կարողանար սեփական պայմանները թելադրել մեզ՝ միաժամանակ ծաղրելով ու Թալիաթին փառաբանելով:
Քաջազնունուն ու Վրացյանին վկայակոչող Կոնջոյանը, փաստորեն, հստակ զուգահեռներ է տանում այն ժամանակվա ցեղասպանված արևմտահայության ու նիկոլական Հայաստանի միջև և ճիշտ էլ անում է: Եթե այն ժամանակ երիտթուրքերն էին դարձել ցեղասպանության պատճառ, ապա այսօր «երիտհայերն» են դառնում հայրենիքի կործանման պատճառ՝ անիմաստ տեղը Հայաստանի ժողովրդին դարձնելով պատերազմի ճարակ ու հետո հայտարարելով, թե կարող էր և պատերազմ չլիներ, բայց արդյունքները նույնն էին լինելու:
Այն ժամանակ անապատներում էին մեռնում հայերն, այսօր Արցախում դարձան «Բայրքաթարների» զոհ: Տարբերություն կա՞:
Իրականում նման խաղաղությունը Թուրքիայի օրակարգն է, որն էլ սրանք կպած առաջ են տանում, իսկ կոնջոյաններն էլ իրենց «առակներով» միայն ապահովում են թուրքական օրակարգի համար բարենպաստ քարոզչական դաշտ և վերջ:
Այս նյութը դիտել են - 1139 անգամ