որպես ՀՀ բանակի սպա ես պաշտպանված չեմ....2016-02-19 13:50:00
Բաց Նամակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
Հարգելի Պրն. Նախարար, ծնողներս նամակով դիմել են Ձեզ, խնդրելով հանդիպել՝ խոսելու իմ նկատմամբ հարուցված
շինծու քր.գործի շուրջ, սակայն նրանց տեղեկացրել են Ձեզ մոտ կանգնած աղբյուրից, որ Դուք չեք ցանկանում հանդիպել և խոսել այդ թեմայի շուրջ:
Հարգելի Պրն. Նախարար, ես 33 տարեկան եմ և իմ կյանքի 10 տարին նվիրել եմ բանակին: Լինելով հայրենասեր, իմ դիմումի համաձայն, մեկնել եմ ԼՂՀ և շուրջ 7 տարի ծառայել եմ սահմանամերձ գոտում:
Միթե Ձեզ չի հետաքրքրում, Ձեր սպայի ճակատագիրը, ով պայքարել է բանակում տիրող հովանավորչության դեմ, օգնել է սոցիալապես անապահով ընտաիքների զինծառայողականներին:
Միթե Ձեզ չի հետաքրքրում, թե ինչու են անապահով ընտանիքների զավակները մարտական հերթապահություն իրականացնում իսկ պաշտոնավորների և հարուստների զավակները միայն թիկունքային զորամասերում են ծառայում և պատահաբար ընկնելով սահմանամերձ զորամաս, Ձեր տեղակալների հրամանով շատ շուտ տեղափոխվում են թիկունք կամ թիկունքային «Էլիտար» ստորաբաժանումներ:
Միթե Ձեզ չի հետաքրքրում,թե ինչու դատախազի բարեկամը կարող է մի շարք հանցագործություններ գործել և ոչ միայն չդատապարտվել՝ այլ ապօրինի 2 ամիս բնակվել Ստեփանակերտի ՌՈ բաժնում: Մինչդեռ չքավոր ընտանիքի զավակները թեթև վիճաբանության համար կարող են արժանանալ շատ խիստ պատժի: Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ Մատաղիսի ՌՈ հենակետի շինարարության համար տրամադրված 21մլն դրամից ծախսվում է ընդամենը 7.8 մլն, իսկ մնացածը գրպանվում է՝ չի վերանորոգվում անգամ շենքի տանիքը:
Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ Մարտակերտի ՌՈ բաժնի պետ գնդապետ Արթուր Բալայանը ամիսներ շարունակ 15-20.000 դրամ է հավաքում սպաներից, ինչ է թե, պաշտոնը ստանալու համար խոստացել էր շենքը վերանորոգել:
Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ բանակի համար նախատեսված ալյուրը, որը վաճառքի ենթակա չէ, մի քանի ամիս շարունակ հայտնվում է Ստեփանակերտի քաղաքի մասնավոր հացի փռերում:
Միթե Ձեզ չի հետաքրքրում, որ իմ կինը, որը նույնպես զինծառայող էր և ծառայում էր Մատաղիսի զորամասում. Ինձ ապօրինի ձերբակալելուց հետո զրկվում է մեր միակ բնակարանից, որը տրամադրել էր զորամասը ժամանակավոր կացության համար: Հայտնվելով փողոցում՝ դիմում է գրում զորամասը տեղափոխելու համար, սակայն դիմումը մնում է անպատասխան: Կինս ստիպված լքում է հայրենիքը:
Միթե երիտասարդ զինվորական ընտանիքը, որը իր կյանքը նվիրաբերել էր հայրենիքին, արժանի էր նման ճակատագրի:
Պրն. Նախարար ես առաջնորդվել եմ Ձեր այն կարգախոսներով, որ պետք է պայքարել փողոցային բարքերի դեմ, որ մեր բանակը մեր տունն է, մեր ամրոցը: Ես պայքարել եմ փողոցային բարքերի դեմ, հովանավորչության և ապօրինությունների դեմ, բարձրաձայնել եմ այդ ամենի մասին, որի համար իմ նկատմամբ շինծու քր. գործ է հարուցվել:
Պրն. Նախարար ես հպարտ եմ, որ հայոց բանակի սպա եմ, պաշտպանում եմ իմ հայրենիքը, Հայոց բանակը ինձ համար սրբություն է և ես իմ ամբողջ եռանդը, առողջությունը և հոգատարությունը ներ եմ դրել այնտեղ:
Կարող եք հարցնել Մատաղիսի զորամասի ներկա և նախկին հրամանատարներ՝ Ջալալ Հարությունյանին և Հարություն Ամիրխանյանին: Համոզված եմ նրանք օբյեկտիվ գնահատական կտան մեր համատեղ ծառայությանը, սակայն ես ավելի շատ ինձ ստորացված եմ զգում այն պատճառով, որ այս ամենը, կարծես թե, Ձեզ համար արժեք չի ներկայացնում և որպես ՀՀ բանակի սպա, ես պաշտպանված չեմ նման շինծու քր. գործից և քրեական հետապնդումից:
Ես Ձեզ միշտ պարկեշտ մարդ եմ համարել, որպես բանակաշինության գործում մեծ ավանդ ունեցող, կիրթ, բարեխիղճ և հայրենասեր անձնավորություն: Ցավոք այսօր ես հիասթափված և վիրավորված եմ ձեր մոտեցումից և ցավում եմ, որ նման վերաբերմունք ունեք Ձեր սպայի նկատմամբ: Իմ խնդրանքը միայն այն է, որ Ձեր պաշտպանության ներքո իմ նկատմամբ օբյեկտիվ դատավարություն իրականացնեն:
Թող ես վերջին սպան լինեմ, ում ճակատագիրը չի հետաքրքրում ՀՀ ՊՆ Նախարարին և տա Աստված, որ սրանից հետո Ձեզ հետաքրքրի Ձեր սպաների ճակատագիրը և նրանք թիկունքում զգան Ձեր պաշտպանությունը:
Հարգանքներով, Հայոց Բանակի Սպա, Կապիտան՝ Բաբկեն Ղարդյան
Այս նյութը դիտել են - 1328 անգամ