Հազա՜ր երանի այն օրերին, երբ Շուշիով էինք Արցախից Հայաստան մեկնում...
2022-05-08 23:24:00
Շուշին դեռևս խորհրդային տարիներին ադրբեջանցիներով առատ քաղաք էր։ Էքսկուրսիան դեպի նախկին հայաշատ Շուշի, տպավորվեց դպրոցականի իմ հիշողության մեջ, երբ բազմահարկ բնակելի շենքի կողքով անցնելիս վերևից մեր գլխին ձվեր թափեցին։ Դա կհամարեինք պատահականություն, եթե վերևի հարկից ադրբեջանցի աղջիկների ծիծաղի արհամարհական կտորները մեզ չհասնեին` մեզ անհասկանալի խոսակցությամբ։ 
Սա էր հիշողությանս մեջ դաջվել ու մնացել խորհրդային տարիների «ադրբեջանացված» Շուշիից։ Իսկ երբ հայկական Շուշի մտա ազատագրումից հետո, ոտքս ամուր դրեցի հողին, դա դեռևս ..95-ին էր, երբ մայր հողի կանչով բռնագաղթից հետո օտար ափերից վերադարձել էի հայրենիք։ Հողի զորությունն զգացի շատ ավելի հաստատուն, երբ հայկական Շուշին վերադարձվել էր, երբ լռվել էր դպրոցականներիս գլխներին ձու թափող ադրբեջանցի աղջիկների լպիրշ ձայնը։
Այն քստմնելի ծիծաղը Շուշին հանձնելուց հետո վերադարձրին մեզ, որի արձագանքը լսում եմ նորից։
Հաղթանակի տոնական օրերի ծափ ու ծիծաղը անցյալում մնացին, հանձնեցին Շուշին, որ հայերիս ականջներում հնչի նորից այն զզվելի հռհռոցը... Ու այն մաշում է իմ լսելիքը ամեն օր, ամեն ժամ, քանի դեռ հայկական Շուշին մերը չէ, քանի դեռ լռվել են ղողանջները Ղազանչեցոցի... Իսկ հիմա արցախցին նրանց մուղամն է լսում, նույնքան` քստմնելի...
Հազա՜ր երանի այն օրերին, երբ Շուշիով էինք Արցախից Հայաստան մեկնում... Շուշին հայկական էր, կյանքը հայկական էր, ծիծաղը նույնպես հայկական էր «դժգույն» քաղաքում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1032 անգամ