6 օր նիստերին մասնակցելու իրավունքից զրկելը կանոնակարգը խախտած պատգամավորների համար խիստ պատիժ է, այսօր « ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Մենք միաձայն ենք այն հարցում, որ մեր գործընկերները թույլ են տվել կանոնակարգի պահանջի խախտում և դա որակվել է մեր կողմից, որպես էթիկայի կանոնների խախտում»,- ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ լրագրող Լիլիթ Լալայանը դիմում էր ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով` ներկայացնելով պատգամավորներ Առաքել Մովսիսյանի, Սեյրան Սարոյանի, Համլետ Հարությունյանի, Արշակ Մխիթարյանի, Բազմասեր Առաքելյանի, Սպարտակ Մելիքյանի և Կարեն Սարիբեկյանի վերաբերյալ տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են նրանք քվեարկել ուրիշի փոխարեն:
Խոսրով Հարությունյանը նաև ասաց, որ իրենց որոշման երկրորդ կետով ԱԺ նախագահին առաջարկել են օրենքի նախպագիծ այն մասին, որ նման խախտումները պետք է որակել որպես կարգազանցություն և առաջիկա քառօրյայում քննարկվող հարցերի ցանկում պարտադիր ընդգրկել նաև այդ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հարությունյանը նշեց, որ թեպետ դա ԱԺ նախագահի իրավունքն է, բայց իրենք գտնում են, որ ճիշտ կլինի նման դեպքերի համար կիրառել խիստ պատժ: Նրա խոսքով խիստ պատիժ ասածը 6 օրվա ընթացքում նիստերին մասնակցելու իրավունքից զրկելն է:
Պատգամավորների դեմ դիմում ներկայացնելուց հետո լրագրողը կորցրել է աշխատանքը, սակայն նա վճռական է: Եթե ԱԺ նախագահը իր նամակին ընթացք չտա, պատրաստ է անգամ հարցը դատարան հասցնել։
Լիլիթ Թադևոսյան