Ամերիկացի լրագրողը պատմում է Գագիկ Խաչատրյանի առանձնատան մասին 2022-05-09 14:49:00
ԱՄՆ-ը սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ ԱՄՆ համապատասխան մարմինները առանձատան հետ կապված գործընթացը սկսել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։
Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Ըստ հաղորդագրության՝ երկուշաբթի Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց:
Քրեական այս գործը Հայաստանում հարուցվել էր 2020-ին։ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ավելի քան 22 միլիոն դոլար էր տվել Խաչատրյանին՝ իր առևտրային կազմակերպությունների համար խոչընդոտներ չստեղծելու համար։ Գումարը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, ուղղվել էր Լոս Անջելեսում առանձնատան գնմանը։ Առանձնատունը ներկայում վաճառքի է հանված 63,5 միլիոն դոլարով։
Հաղորդագրության համաձայն՝ առանձնատան հետ կապված գործարքը հետաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի (EOCTF) և ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են առանցքային օգնություն։
Գործը քննվում է «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» (Kleptocracy Asset Recovery Initiative) շրջանակում։ Այն հիմնվել է Կոնգրեսի կողմից և նպատակ ունի խթանել ԱՄՆ կառավարության հանձնառությունը՝ պայքարելու օտարերկրյա կառավարությունների կոռուպցիայի դեմ և ծառայելու ԱՄՆ ջանքերին՝ բացահայտելու և վերականգնելու գողացված ակտիվները, բռնագրավելու կոռուպցիայից ստացված եկամուտները, անհրաժեշտության և հնարավորության դեպքում՝ վերադարձնելու գողացված ակտիվները կամ հասույթները կոռուպցիոն գործողություններից տուժած երկրին:
Գագիկ Խաչատրյանի որդիները «Գալաքսի գրուպ»-ի հիմնադիրներն են։ Ընկերությունների խումբը ներառում է հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ը, Chronograph և Time ժամացույցների խանութների ցանցը, «Մեգա ֆուդ» և «Մեգա սպորտ» ընկերությունները, «Երևան Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնը։