Լրագրող Լիլիթ Լալայանն օրեր առաջ ազատվել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կնոջը՝ Լիլիթ Դավթյանին պատկանող Henaran.am կայքում իր աշխատանքից: Լալայանը պնդում է. աշխատանքից ազատման պատճառը քաղաքական է:
Լրագրողը համատեղությամբ աշխատում է նաև Past.am կայքում և ԱԺ նախորդ նստաշրջանին հավատարմագրված է եղել այդ լրատվամիջոցի անունից: ԱԺ աշխատանքները լուսաբանելու ընթացքում նա տեսանյութեր է հավաքել, որոնցում երևում է, թե ինչպես են ՀՀԿ-ական պատգամավորները քվերակում այլ պատգամավորների փոխարեն:
Այս տարվա հունվարին Լալայանը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով, պահանջել, որ այդ պատգամավորներին պատասխանատվության ենթարկեն՝ ներկայացնելով իր ունեցած տեսանյութերը: Հունվարի 20-ին դիմումը վարույթ է ընդունվել, և դրանից հետո, փաստորեն, լրագրողն ազատվել է աշխատանքից:
«Հենարանի» խմբագիրը Լիլիթ Դավթյանը լրագրողի առջև հարց է բարձրացրել, որ էթիկայի հանձնաժողով դիմելը չի համաձայնեցվել իր հետ:
Լիլիթ Դավթյանն այժմ հերքում է, թե լրագրողի աշխատանքից ազատման պատճառը քաղաքական է: Նա հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով, թե Լալայանը խախտել է խմբագրության վարքականոնի կետերը, որի մասին այլ մանրամասներ չի հայտնում:
Լրագրողը մեզ հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մինչև էթիկայի հանձնաժողով իր դիմումը Դավթյանն իրեն որևէ նկատողություն չի արել՝ աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու վերաբերյալ:
Լալայանը վստահեցրեց. ինքը պարտավոր չէր «Հենարանից» դուրս իր աշխատանքը համաձայնեցնել կայքի խմբագրի հետ, ապա Դավթյանի վարքագիծը գնահատեց որպես գրաքննության, լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, քաղաքացուն ճնշելու փորձ :
Հենարանի խմբագիրը համոզված է. լրագրողի՝ աշխատանքից ազատման պատճառը քաղաքական չէ, թեև խոստովանեց, որ օրենքով սահմանված կարգով Լալայանին չի նախազգուշացրել իր աշխատանքը ոչ պատշաճ կատարելու մասին:
Մեր դիտարկմանը, որ մինչ աշխատանքից ազատելը գործատուն պարտավոր է նրան երկու գրավոր նախազգուշացում տալ, Դավթյանը պատասխանեց, որ իրենց խմբագրության վարքականոնը, «ոչ մի աշխատանքային օրենսգրքով ձևակերպված չի»:
«Այդ վարքականոնը դրվում է մեր բոլոր լրագրողիների սեղանին, նրանք կարդում են, ծանոթանում են, բանավոր համաձայնում են, եթե խնդիրներ են լինում, քննարկվում ենք»,- ասաց Լիլիթ Դավթյանը՝ չմանրամասնեով թե վարքականոնի ինչ կետ է խախտել աշխատանքից ազատված լրագրողը:
«Երևանի Մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանն, անդրադառնալով խնդրին, նշեց, որ եթե լրագրողը որպես անհատ է դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, այդ դեպքում նա ոչ թե լրագրողի գործունեություն է կատարել, այլ գործել է որպես քաղաքացի, ով կարծում է, որ Ազգային ժողովում ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել:
«Եթե ինքը դիմել է որպես քաղաքացի, ապա իր գործատուները դրա հետ որևէ առնչություն չունեն: Նրանց միջամտությունը կարող էր լինել միայն այն դեպքում, եթե լրագրողի աշխատանքային պայմանագրում կետ լիներ, որ վերջինս լրագրողական պարտականությունները կատարելու ընթացքում հավաքած փաստերի հետ կապված այլ գործողություններ կատարելու իրավունք չունի, բացի իր ռեպորտաժներում դրանք օգտագործելը»,- պարզաբանեց Բորիս Նավասարդյանը:
Անդրադառնալով լրագրողի պնդումներին, թե «Հենարանի» խմբագրի արարքն իր նկատմամբ ճնշում է, գրաքննություն, Նավասարդյանը նշեց, որ ճիշտ կլիներ լսել երկու կողմերին էլ, բայց եթե խմբագրությունը լրագրողի աշխատանքից ազատման պատճառները չի հայտնում, ապա յուրաքանչյուրն իրավունք ունի հիմք վերցնել լրագրողի խոսքերը:
«Այդ դեպքում ստացվում է, որ նա ապօրինի է ազատվել աշխատանքից: Եթե լրագրողի բոլոր ասածները համապատասխանում են իրականությանն, ապա և՛մենք, և՛ նա իրավունք ունենք եզրակացնելու, որ այս ամենը ճնշում է ոչ միայն լրագրողի, այլ նաև քաղաքացու վրա»,- կարծիք հայնտեց Բավասարդյանը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց. Լալայանը բարձրացրել է պետության համար էական նշանակություն ունեցող հարց, և դրա համար, փաստորեն, զրկվել աշխատանքից և եկամուտից:
«Օրենքների ընդունման ընթացակարգերի պահպանումը շատ լուրջ նշանակություն ունի պետության համար: Տվյալ դեպքում լրագրողն ականատես է եղել, որ օրենք ընդունելիս պատգամավորներն այլ անձանց փոխարեն քվերակում են. սա, ես կարծում եմ, շատ լուրջ ոտնձգություն է պետության դեմ, և այս հանգամանքը պետք է քննության առարկա դառնա և՛ Դատախազության և՛ Ազգային ժողովի կողմից»,- ընդգծեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը նշեց, որ պատգամավորների՝ միմյանց փոխարեն քվեարկելու երևույթը պարբերաբար կրկնվում է:
«Այս հարցը պետք է բարձրացվեր Ազգային ժողովում և հրատապ միջոցներ ձեռնարկվեր, որպեսզի նման բան այլևս չկրկնվի , օրինակ՝ կարելի է քվարկությունը մատնահետքով անցկացնել, որպեսզի մի անձը երկու անգամ քվերակելու իրավունք չունենա»,- տարբերակ առաջարկեց Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է «Հենարանի» խմբագրի պնդումներին, թե Լալայանին քաղաքական պատճառներով չի հեռացրել աշխատանքից, Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ այս դեպքում կողմնորոշիչը չի կարող լինել գործատուի տեսակետը:
«Դուք չեք գտնի մի պետություն, որն ընդունի, որ անձին քաղաքական պատճառներով է զրկում աշխատանքից, դատապարտում ազատազրկման , հետապնդում: Այս դեպքում անձը հրապարակել է մի նյութ, որի հետևանքով նրան զրկել են իր աշխատանքից, եկամուտներից: Որպես իրավաբան եզրակացնում եմ, որ Լալայանի հրապարակած նյութի և աշխատանքից ազատման միջև առկա է պատճառական կապ»,- վստահեցրեց Բաղդասարյանը:
Արաքս Մամուլյան