Վանեցյանը խփեց տագնապի զանգը2022-05-13 04:23:00
Լրատվականներից մեկի հետ զրույցում ՊՈւ-ի առաջնորդ Արթուր վանեցյանը հայտարարել է, թե Ֆրանսիայի հրապարակում մարդիկ կան, որոնք անընդունելի են իր համար՝ միաժամանակ չտալով որևէ մեկի անունը: «Այս հրապարակում կան մարդիկ, որոնք ինձ համար անընդունելի են, ես իրենց այստեղ գտնվելը համարում եմ հարված՝ շարժմանը, անուններ չեմ հնչեցնելու։ Բայց չենք կարող ասել՝ գիտեք, դուք գնացեք այստեղից»,-հայտարարել է Վանեցյանը՝ միաժամանակ իր այդ տեսակետը հիմնավորելով շարժման էությամբ, որ ապակուսակցական է և համազգային բնույթ ունի:
Վանեցյանը, որ առաջինն էր բարձրացրել ապստամբության դրոշը՝ նստացույց իրականացնելով Օպերայի բակում, փաստորեն, բավական ուշագրավ խոստովանությամբ է հանդես գալիս՝ առաջացնելով չափազանց էական հարցեր:
Հարց համար մեկ՝
ինչո՞ւ է Վանեցյանը հայտարարում իրենց շարժման շարքերում անցանկալի դեմքերի հայտնվելու մասին:
Երկրորդ հարցը՝
ովքե՞ր են այդ անցանկալի մարդիկ, որոնց անունները Վանեցյանը չի տալիս:
Երրորդ՝
ինչո՞վ է պայմանավորված այդ մարդկանց՝ ընդդիմության շարքերում հայտնվելու փաստը:
Կոնկրետ առաջին հարցի պատասխանն այնքան էլ դժվար չէ գտնել: Վանեցյանի հայտարարությունը վկայում է նրա դժգոհության մասին՝ դժգոհություն, որ առաջ է եկել թերևս առաջին հերթին շարժման ձգձգման ու, ըստ էության, անպտղության պատճառով: Տաս օրից ավել է՝ բազմահազար մարդիկ ամեն օր փողոցներ են փակում, բողոքի քայլերթեր են անում, չլվում, բայց այդ ամենը գործնական հետևանք չի ունենում, իսկ իշխանությունների հռետորաբանությունը միայն է՛լ ավելի ինքնավստահ է դառնում, ինչը հետևանք է այն բանի, որ շարժման մասնակցների թիվը չի աճում՝ չնայած որ չի էլ նվազում՝ թվում է: Վանեցյանն, ըստ էության, խնդիրը տեսնում է ոչ թե շարժման տակտիկայի, այլ դրա մասնակիցների մեջ այն տրամաբանությամբ, որ կասկածելի դեմքերը կարող են և վարկաբեկել շարժումն՝ այն լայն մասսաների համար ոչ գայթակղիչ դարձնելով:
Երկրորդ հարցը, որ առնչվում է կոնկրետ անցանկալի համարվող անձերի ով լինելուն, ևս պակաս էական չէ:
Ովքե՞ր են այդ անձերը, որոնց պատճառով, փաստորեն, չի ստացվում շարժումն իր նպատակին հասցնել՝ դատելով Վանեցյանի խոսքերից:
Օրինակ՝ Սաշիկի որդի Հայկը, որին լրագրողները հասցրել են արդեն մի քանի անգամ բռնացնել, կարո՞ղ է անցանկալի անձ համարվել: Եվ ընդհանրապես կա՞, արդյոք, վտանգ, որ շարժման հաղթանակի դեպքում Վանեցյանի մատնանշած անցանկալիները կարող են հնարավորություն ունենալ՝ ստանալու կարևոր դերակատարում նոր իշխանության պայմաններում, հետ գալ, ռեստավրացնել մերժված համակարգը: Ինքը՝ Վանեցյանը, դա կարծես բացառում է, բացառում են նաև մյուսները, սակայն արդյոք հասարակությունը նույնպե՞ս կարող է նույնքան վստահ լինել այդ հարցում: Ո՞րն է երաշխիքը:
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այդ մարդկանց՝ ընդդիմության շարքերում հայտնվելու փաստն, ապա նկատենք՝ ակնհայտ է, որ նմանները բնավ Հայաստանը Սինգապուր դարձնելու համար չէ, որ եկել են հրապարակ, այլ ունեն կոնկրետ անձնական հաշվարկներ՝ «պղտոր ջրում ձուկ որսալու», մաքուր տղերքի ստվերում կեղտոտ գործեր անելու: Այս իմաստով, այո՛, նրանք հավելյալ ռիսկեր են առաջացնում շարժման համար, որի առաջնոդների խնդիրն է լինելու նմանների՝ սեփական շարքերում հայտնվելը բացառելը, հարցի հետ նույնացվելը:
Կհաջողվի՞, դժվար է ասել:
Այս նյութը դիտել են - 1294 անգամ