Նիկոլը Վովայի մա՞րդն է2022-05-16 20:26:00
Հայտնի է դարձել, որ Դատախազությունը կրկին չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Ինչպես տեղեկացրել է «Հայկական ժամանակը», գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի՝ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին:
Ի՞նչ է տեղի ունենում: Արդյոք Վովային ու իր մանկլավիկին պատասխանատվության ենթարկելու կամքի պակասի՞ հետևանք է տեղի ունեցածը, թե՞ տեխնիկական հարց է ընդամենը, և որևիցե քաղաքական ենթատեքստի մասին տվյալ պարագայում խոսելը կլիներ չարդարացված չափազանցություն:
Բանն այն է, որ առնվազը հիմա չափազանց դժվար է այս հարցերին հիմնավորված պատասխաններ գտնելը՝ առնվազը նկատի ունենալով վերջին չորս տարվա պրակտիկան, երբ ի սկզբանե խոսվում էր նախկիններին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության ու անխուսափելիության մասին, բայց այդ ուղղությամբ, փաստ է, չարվեց գրեթե ոչինչ:
Ընդ որում՝ տվյալ պարագայում հարցն է՛լ ավելի սուր բնույթ է ստանում՝ հաշվի առնելով այն, թե ում մասին է խոսք գնում:
Վովան մերժված Հայաստանի գլխավոր հանցագործն ու կոռուպցիոներն է, և քանի դեռ անձամբ նա պատասխանատվության չի ենթարկվել օրենքի ողջ ուժով, արդարաության ու արդարադատության մասին խոսակցությունները սովորական լոլոներ են լինելու՝ ըստ էության:
Ինչ-որ բան հուշում է, որ Դատախազության վերոհիշյալ քայլը ոչ թե ինչ-որ ընթացակարգերով կամ տեխնիկական խնդիրներով պայմանավորված հարց է, այլ՝ ներքին պայմանավորվածության: Օրինակ՝ կատարվածը կարո՞ղ է կապ ունենալ փողոցային պրոցեսների կամ դրանց առաջնոդներից առնվազը մեկի վարքագծի հետ: Հետաքրքիր հարց է՝ նկատի ունենալով այն փաստը, որ շարժումն, ըստ էության, իր մարման փուլում է այլևս՝ չնայած այդ մասին ընդունված չէ բարձրաձայնել:
Բոլոր դեպքերում , եթե այս անգամ էլ Վովան պլստաց, ապա իշխանությունների վարկի ու հեղինակության վրա կարելի է խաչ քաշել ու համոզվել, որ ներկաներն ընդամենը նախկինների շարունակությունն են՝ ընդամենը մի փոքր այլ ֆիզիկական դրսևորմամբ:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 2089 անգամ