Արդեն ծաղրվում են. ինչո՞ւ ոչինչ չստացվեց
2022-05-27 20:45:00
 Արցախն, ըստ էության, Եվրոպայում Ադրբեջանով անելուց հետո Հայաստան ժամանած Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ծաղրել է ընդդիմությանը՝ մե՛կ ընդդիմադիրներին համեմատելով «նեուլավիմիյ Ջոյի» հետ, մե՛կ՝ օրերս Երևանում փլուզված Ծիծեռնակաբերդի խճուղու, մե՛կ էլ թե՝ պետք է ընդդիմությանը չխանգարել, որ մինչև քոք մաշեն:
Նիկոլ Փաշինյանի ինքնատիպ համեմատություններն ու ակնարկներն, իհարկե, ինչ-որ իմաստով արտահայտում են ընդդիմության փողոցային շարժման արդյունքները: Անցել է բավական տևական ժամանակ, սակայն դեռևս ընդդիմությանը չի հաջողվել հասնել իր առջև դրված խնդիրների իրագործմանը, ու չկա որևիցե երաշխիք, որ պայքարի նույնիսկ նման տեմպի պահպանման դեպքում, եթե փողոց դուրս եկողների թիվը չավելանա, ինչ-որ բան կստացվի. տապալվելու ու Փաշինյանին չհեռացնելու դեպքում խորհրդարանական ընդդիմությունն այլևս կարող է տուն գնալ:
Մյուս կողմից՝ իրենք՝ ընդդիմադիրներն, ի սկզբանե հայտարարել են, որ պայքարն ամենևին էլ իշխանափոխության համար չէ՝ այդպիսով մանևրելու տեղ թողնելով: Հայտարարվում էր ու հիմա էլ, ըստ էության, ասվում է, որ խնդիրն Արցախի վերաբերյալ որևիցե փաստաթղթի ստորագրումը կանխելն է. աթոռակռվի հարց այստեղ չկա: Այդ իմաստով, իհարկե, Միշելի հետ Փաշինյանի ունեցած հանդիպումը կարող է մատուցվել որպես հատկապես ընդդիմության հաղթանակ, քանի որ եղել է ընդամենը հայտարարություն, սակայն ակնհայտ է, որ ընդդիմությանը առայժմ չի հաջողվում փոխել գործընթացի տրամաբանությունը: Չեն կարող հնչել կոնկրետ տրամաբանությամբ հայտարարություններ, իսկ վաղը ստորագրվի հակառակ տրամաբանությամբ փաստաթուղթ:
Ի՞նչ է պահանջվում ընդդիմությունից, որն, ի դեպ, արդեն իսկ հայտարարում է սեփական պայքարի տակտիկան փոխելու մասին, որն էլ վկայում է արձանագրվող ձախողման մասին:
Պետք է հասկանալ, որ խնդիրն առաջին հերթին իմիջային է: Առանց այդ խնդիրը լուծելու որևէ բանի չեն հասնելու: Պայքարի ձևը կարող է փոխվել, բայց դրանից ոչինչ չի փոխվելու: Իսկ եթե այս պայքարի նպատակն ի սկզբանե Փաշինյանին ոչ լեգիտիմ դարձնելն էր, ապա դա չի ստացվել, և վկան արևմտյան կենտրոնների դեսպանների հայտնի հայտարարություններն են, իսկ եթե հույսը ՔՊ-ականների հոգաբանության վրա ներազդելն էր, ապա դա առհասարակ չարժեր անել:
Իրականում սխալն ամենսկզբից է թույլ տրվել: Ասպարեզ պետք է գային բացարձակապես չվարկաբեկված մարդիկ՝ առանց նույնացվելու մերժված համակարգի հետ, ինչը, փաստորեն, չի արվել: Այն, ինչ տեսնում է հանրությունը փողոցներում, ընդամենը կուսակցական ռեսուրսի բանեցման, այլ ոչ թե համահասարական աջակցության արդյունք է:
Այս նյութը դիտել են - 3613 անգամ