Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամները դուրս եկան դահլիճից...
2016-02-19 15:21:00

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները տարանջատելն էր, ուղեկցվեց բոյկոտով: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե իրենց խմբակցությունը բոյկոտում է նիստը, քանի որ անտրամաբանական է համարում մեկ տարի առաջ միավորված ոլորտները հիմա նորից տարանջատելը: «Անընդունելի համարելով արտահերթ նիստի օրակարգը՝մենք հայտարարում ենք, որ չենք մասնակցելու այս քվեարկությանը»,-ասաց նա: Այդ խոսքերից հետո ՕԵԿ խմբակցության անդամները դուրս եկան դահլիճից:

 

Այս միջադեպն, ինչպես և պետք էր սպասել, մեծ դառնություն պատճառեց դաշնակներին: Բանն այն է, որ տվյալ պարագայում բոյկոտողների ասածներում ճշմարտություն կա, իսկ ՀՅԴ-ն այլ հակափաստարկ չունի, քան այն, որ նախարարությունը բաժանում են քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ:


Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մեկի ձեռքը կրակն ես ընկնում, նրա ձայնը կտրելու համար ստիպված քո ունեցածից մի կտոր էլ առաջն ես նետում: Բայց հարցն այս դեպքում միայն ՀՅԴ-ինը չէ: Այդ մոտեցումը միշտ է եղել ու շատ դժվար է գտնել քաղաքական որևէ ուժ, որ չի օգտվել իրեն բաժին նետված պատառից: Դրա համար էլ հիմա դաշնակների ձայնը տաք տեղից է գալիս, երբ նրանք շանտաժի կարգով ասում են. « Մենք ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողովներ ունենք՝ իրենց նախագահներով, տեղակալներով, ծառայողական մեքենաներով, էդքան խիստ անհրաժեշտությո՞ւն է, թե՞ քաղաքական նպատակահարմարություններ են՝ այդքանը ստեղծելով և տեղավորելով»:


Ինչ վերաբերում է բոյկոտի հեղինակ ՕԵԿ-ին, ապա սրանք էլ հիշողության լուրջ կորուստ ունեն, որովհետև եթե ամեն ինչ կարգին լիներ, ապա պիտի հիշեին, որ տարիներ առաջ, երբ Արտակարգ իրավիճակների վարչությունը առանձին նախարարություն դարձավ՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով, և հենց Մհեր Շահգելդյանն էլ նախարար դարձավ, ոչ ոք կարծես թե դրա դեմ բողոքի ցույցեր չարեց: Իսկ հիմա հավանաբար հաճելի է ՀՅԴ-ի հոգու հետ խաղալ ու կողքից դիտել, թե նրանք ինչպես են փրփրում յուրաքանչյուր խոչընդոտի առաջ:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1278 անգամ