Հարց ոստիկանությանը՝ եթե քաղաքացուն խեղդում եք, նա կարո՞ղ է ինքնապաշտպանվել. «Հրապարակ»2022-05-31 14:06:00
«Հրապարակ». Բոլորդ ականատես եք ոստիկանների բռնի, բիրտ գործողություններին։ Ով իշխանության թանին թթու է ասում, չեն նայում՝ երեխա է, ծեր է, աղջիկ է, պատգամավոր է՝ ոտի տակ են գցում, քաքշում, մազերը գլխից պոկում, կողոսկրերը ջարդում։ Փողի մուննաթ։
Իշխանությունը միլիարդներով պարգևատրում, նրանք էլ պատվեր են կատարում։ Վախի մթնոլորտ են ուզում ստեղծել, բայց զզվանքի ու ատելության մթնոլորտ է ստեղծվում։ Ծառայում են իշխանությանը և ոչ թե քաղաքացուն։ Ծառայում են իշխանությանը և ոչ թե պետությանը։ ՀՀ քաղաքացու միակ ինքնապաշտպանական զենքը իրենց ծեծող, նվաստացնող ոստիկանի բռնարարքը «սելֆի անելն է մնացել»։ Սարի պես ամուր տղամարդկանց չոքեցնում են ասֆալտին, ոնց թուրքը կաներ ու ամենավերջին մեթոդներով նվաստացնում։
Ոստիկանությունը իր պատիվը փրկելու համար կարող է ասել՝ դե նմաններն էլ կան։ Որ անչափահասի են ծեծում, թքում են քաղաքացու երեսին, «մարդ են որսում ու գետնով տալիս» աղջկա են քաշքշում, ծեր մարդու ոտք են կոտրում, պատգամավորի ստորացնում, լրագրողին հայհոյում։ Նմանները կան ու քրեական գործ է հարուցվում։
Այդքանն ասելով էլ ավարտվում է։ Ո՞նց կարող են պատվեր կատարողին ձերբակալել։ Ասում ու ջրում են։ Տեսնում ենք, ճանաչում ենք ծեծող ոստիկաններին։ Ծեծում, ջարդում են անպաշտպան , խաղաղ ցույց անող քաղաքացուն ու հաջորդ օրը նույնը շարունակում։
Հիմա ես ուզում եմ ոստիկանությանը հարցնել՝ քաղաքացիները մատաղի գա՞ռ են, որ ոնց ուզեք, ստորացնեք, որտեղին ուզեք, քացի տաք, ում ուզեք գետնին պառկեցնեք։ Դուք որ ծառայում եք մեկ մարդու, ոչ թե պետությանը, ժողովրդին, ո՞ր դեպքում քաղաքացին իրավունք ունի ինքնապաշտպանության դիմել։ Եթե քաղաքացուն խեղդում եք, նա կարո՞ղ է ինքնապաշտպանվել։ Ուժ գործադրել, որ չխեղդվի։ Կամ որ մազերը քաշում եք, գլխին հարվածում, նա կարո՞ղ է իրեն պաշտպանել, թե տեղնուտեղը գործ եք կարելու ու ձերբակալեք նրան։
Այս նյութը դիտել են - 1014 անգամ